Պետք է գտնենք թմրանյութերի խոշոր ներկրողներին. Նիկոլ Փաշինյան

Գևորգ Թոսունյան 

«Եթե մենք սկսենք վազել թմրանյութերի մի գրամանոց փաթեթների հետևից, մեր իրավապահ համակարգն ուժասպառ կլինի… Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին և արտադրողներին». մարտի 12-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների դեմ պայքարում։

Թմրամիջոցների դեմ պայքարում Հայաստանը պետք է կենտրոնանա խոշոր ներկրումների ու արտադրության վրա, ընդգծեց Փաշինյանը։ «Իմ ընկալումը նաև այն է,- ես ուզում եմ ուղիղ ձեզ ասել, և ես հենց այդպիսի հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին,- որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների և արտադրության վրա։ Եթե պատկերացնենք՝ մի տոննա թմրանյութ կա, այն բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր փաթեթների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց փաթեթների հետևից, մեր իրավապահ համակարգն ուժասպառ կլինի։ Մենք պետք է գնանք, գտնենք խոշոր ներկրողներին և արտադրողներին»։

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի Հայաստանի ռազմավարության համաձայն՝ 2018-ից մինչև 2022-ը Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցանքների թվի մոտ 158%, իսկ 2022-ից մինչև 2024-ի ավարտը՝ 60,6% աճ։ Ըստ Փաշինյանի՝ այդ աճն արձանագրվել է իրավապահների բացահայտումների շնորհիվ։

«Մենք նաև Անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներին անդրադարձել […]: Մենք անընդհատ խոսում ենք դրա մասին։ Բայց պետք է դա էլ արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է. այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում»,- ասաց Փաշինյանը։ «Մենք պետք է հետևողականորեն դրա դեմ պայքարենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պայքարի ձևերից մեկն էլ «300 դպրոց» նախագիծն է, որը նախատեսում է խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում և այլն, որպեսզի երիտասարդությունն ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա։

Մեկ տոննա կոկաինի գործը և Միհրան Պողոսյանը

2023-ի մայիսին ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում»։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել, Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, որը ներկայում հետախուզման մեջ է։ Ըստ իրավապահների՝ նրան պատկանող ընկերության միջոցով Էկվադորում գործող «Նո Բուա» ընկերությունից տարանցիկ երկրներով Հայաստան է ներմուծվել բանանի 42 արկղերում ոչ միայն բանան, այլև մոտ 450 միլիոն դոլար արժողությամբ 788 կգ կոկաին։

Փաշինյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ այսօր, սլաքներ ուղղեց դեպի Պողոսյանը։

«Այս գործով մեկը Հայաստանի «փրկիչ» Միհրան Պողոսյանն է, որ հետախուզման մեջ է։ Թող գա, իր կոկաինին տիրություն անի, հետո կտեսնենք՝ Հայաստանին ոնց է տիրություն անում»,- ասաց նա։

The post Պետք է գտնենք թմրանյութերի խոշոր ներկրողներին. Նիկոլ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment