Թաիլանդից արդեն 42 քաղաքացի է վերադարձել Հայաստան․ ԱԳՆ–ն՝ արտերկրում մնացած հայերի մասին

Բաժանորդագրվել

ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը նախատեսված է առաջիկա օրերին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով տարանցիկ չվերթերի չեղարկման պայմաններում Թաիլանդում մնացած 93 քաղաքացիներից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Չինաստանում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք զբոսաշրջային նպատակով մեկնել էին Թաիլանդ։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել վիզաների երկարացման և Հայաստան վերադառնալու հարցերում։ Չվերթերի չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել ՀՀ 93 քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Վրացական ավիաընկերության իրականացրած Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկությունը դեսպանությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև աջակցել տոմսերի ամրագրման գործընթացին»,- գրել է Բադալյանը։

Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել ՀՀ 18 քաղաքացի, որոնց օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը։ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ բոլոր ցանկացողները դեսպանության տրամադրած անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։ Բադալյանի խոսքով` ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։

Թաիլանդում մնացած հայերից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ չարտերային չվերթի տոմսը մոտ 1200 դոլար է եղել։ Ոմանք միջանկյալ տարբերակներ են գտել համեմատաբար մատչելի տարբերակով ՀՀ վերադառնալու համար` մարտի 11-ին Բանգկոկից մեկնել են Չինաստան, այնտեղից էլ` Թբիլիսի, Վրաստան են հասնելու մարտի 14-ին։

Ըստ մեր տեղեկությունների՝ որոշ անձինք էլ մեկնել են Օման ու այնտեղից են վերադարձել Հայաստան։

Leave a comment