Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունները, որոնցով դրանից հեռացվել են հղումները 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին։
Փոփոխություններից առաջ Նախիջեւանի սահմանադրության նախաբանում նշվում էր, որ տարածաշրջանի ինքնավարության հիմքերը սահմանված են միջազգային փաստաթղթերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով։
Նոր նախաբանում Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումներ չկան։ Դրանում ասվում է, որ «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումը հեռացվել է նաեւ սահմանադրության երկրորդ հոդվածից, որտեղ ասվում էր, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը, Ադրբեջանի սահմանադրության հետ մեկտեղ, որոշում են վերոնշյալ միջազգային պայմանագրերը։