«Սբ. Նիկոլայ եկեղեցու տանիքն ու պատերը վերականգնվել են պատմական գույներով»

Երեւան: Մեդիամաքս: ԿԳՄՍ նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նախարար Ժաննա Անդրեասյանը հետեւել է Լոռի բերդի եւ Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Նշենք, որ երկու հուշարձանների վերականգնման արդյունքները վերջին օրերին համացանցում քննադատության առարկա էին դարձել:
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.
«Լոռի բերդի միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի եւ բաղնիքների, ինչպես նաեւ Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին։ Ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրման եւ ստուգման փուլում։
Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցին, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, գտնվում է պետության հոգածության ներքո եւ ծառայելու է որպես մշակութային հուշարձան: Վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծերի հիման վրա. դրանք մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների, ուսումնասիրությունների եւ մասնագիտական այլ հետազոտությունների հիման վրա։
Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական եւ ճարտարապետական առանձնահատկությունները։ 
Մասնավորապես, Ամրակիցի եկեղեցու տանիքի եւ պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա»:

Leave a comment