22 միլիոն դրամ՝ «Հոգևոր-մշակութային հանրային Հ/Ը» -ի լուծարման գործընթացը վերջնականացնելու համար

Հայաստանի կառավարությունը 22 միլիոն դրամ է հատկացնում «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։

Ընկերության հաշվարկներով՝ աշխատակիցների ազատման հետ կապված ծախսերը (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), ինչպես նաև այլ պարտավորությունների մարումը և լուծարման գործընթացի ավարտը պահանջում է շուրջ 20 միլիոն 899 հազար դրամ։ Սակայն հնարավոր չնախատեսված ծախսերը հաշվի առնելով՝ անհրաժեշտ ֆինանսավորման չափը սահմանվել է 22 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի պետական բյուջեով այդ հոգևոր-մշակութային ծրագրերի համար Հանրային հեռարձակողի խորհրդին նախատեսվել է հատկացնել 221 միլիոն 105.5 հազար դրամ։

Նշենք, որ հոգևոր-մշակութային ալիքը փակելով, հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հնարավորությունից զրկվեց Մայր Աթոռի վերահսկողությամբ գործող «Շողակաթ» հեռուստաալիքը։ Այն 2026 թվականի հունվարի 1-ից այլևս եթերում չէ։ ՔՊ-ականները որպես հանրային ալիքը փակելու հիմնավորում նշում են պետության միջոցների անարդյունավետ ծախսը։ Սակայն, այս որոշումը համընկավ վարչապետ-կաթողիկոս լարված հարաբերությունների հետ։

Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ տարի է՝ պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment