Ադրբեջանի դերը տարածաշրջանում այսօր ավելի կարևոր է, քան երբևէ. Անտոնիո Կոշտա

Քաղաքականություն

11.03.2026 | 18:54

Ադրբեջանի դերը տարածաշրջանում ավելի կարևոր է, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

«Եվրամիությունը կիսում է Ադրբեջանի նպատակը՝ խաղաղ, կայուն, փոխկապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը պատմական նշանակություն ունի։ Վաշինգտոնյան համաձայնագրերը ցույց են տալիս ձեր նվիրվածությունը երկխոսությանն ու հաշտեցմանը, և Եվրամիությունն աջակցում է դրանց լիարժեք իրականացմանը: Մենք գիտենք, որ իրական խաղաղությունը չի կառուցվում միայն թղթի վրա ստորագրված քաղաքական համաձայնագրերի վրա: Ինչպես նաև նշեցիք՝ խաղաղությունը հիմնված է մարդկանց առօրյա կյանքի, տնտեսական կապերի, առևտրի և համատեղ բարգավաճման վրա: Ադրբեջանի դերակատարումը տարածաշրջանում  այսօր ավելի կարևոր է, քան երբևէ»,- ընդգծել է Կոշտան:

Եվրամիությունն ու Ադրբեջանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղիները։

«Ես կցանկանայի հայտնել Եվրոպական Միության լիակատար համերաշխությունը և անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանին՝ Իրանից եվրոպացի քաղաքացիների անվտանգ տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։ Ադրբեջանը Եվրամիության առանցքային գործընկերն է»,- ասել է Կոշտան։

Նրա խոսքով՝ Բրյուսելն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվացրել են երկկողմ հարաբերությունները։

«Այսօրվա հանդիպումը ցույց է տալիս մեր համատեղ հանձնառությունը ապագա համագործակցությանը, մասնավորապես, անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում։ Մենք ներկայում աշխատում ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության նոր շրջանակի (ռազմավարական գործընկերության) ուղղությամբ»,- նշել է նա։

Ըստ Կոշտայի՝ կողմերը նաև ուսումնասիրում են պաշտպանության և էներգետիկ անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նա նաև հայտարարել է՝ Եվրամիությունը դատապարտում է Իրանի կողմից Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment