Անաստասիա Բաղիյանը՝ Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն

Ռուսաստանցի պարադահուկավազորդ Անաստասիա Բաղիյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվող ձմեռային Պարալիմպիկ խաղերում։

Մարտի 11-ին 24-ամյա Բաղիյանը չեմպիոն է դարձել կանանց անջատ մեկնարկով 10 կմ դահուկավազքում տեսողության խնդիրներ ունեցող մարզիկների պայքարում։

Նախօրեին էլ Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին տեղն էր գրավել սպրինտում։

Անաստասիա Բաղիյանը ծնվել է Պերմում, տեսողությունը կորցրել է 15 տարեկանում։ Դահուկավազքով սկսել է զբաղվել 2018 թվականից։

Պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 15-ին։ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը, որը պայքարի մեջ է մտել մարտի 10-ին։

Leave a comment