Պոլսո Հայոց պատրիարքն ու համայնքի անդամները մասնակցել են Էրդողանի կողմից կազմակերպված իֆթարի ընթրիքին

Քաղաքականություն

11.03.2026 | 16:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում կազմակերպված իֆթարի (երեկոյան սննդի ընդունում Ռամադանի ժամանակ) ընթացքում հանդիպել է երկրի քրիստոնյա և հրեա հոգևորական առաջնորդների հետ։ Agos-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են 21 հոգևորականներ և համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե Համայնքի Հոգևոր առաջնորդ Վարդան Կիրակոս Քազանճյանը, Հայկական Հիմնադրամների Միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Հայ Կաթոլիկ Համայնքի Հիմնադրամի նախագահ Անտուան ​​Սուլթանօղլուն։

Միջոցառմանը ներկա է եղել նաև իշխող ԱԶԿ կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, հայազգի Սևան Սիվաջըօղլուն։

Էրդողանն իր ելույթում հայտարարել է, թե այս ժամանակներում, երբ պատերազմները, հակամարտությունները, բաժանումները, տառապանքները և ճնշումները որոշում են մարդկության օրակարգը, «այստեղ ցուցադրված միասնության և համերաշխության պատկերը շատ իմաստալից է»։

ցԱյսօր երեկոյան նույն սեղանի շուրջ հավաքվել են հույն ուղղափառ, հայ, հրեա, սիրիական, կաթոլիկ և տարբեր այլ համայնքների արժեքավոր ներկայացուցիչներ։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին մեր հրավերն ընդունելու համար։ Հատկապես ուզում եմ ընդգծել, որ դուք ոչ միայն ձեր համայնքների, այլև Թուրքիայի բազմամշակութային և բազմակրոն սոցիալական կառուցվածքի ներկայացուցիչներն եք։ Շատ ուրախ ենք, որ տարբեր հավատքների մեր քաղաքացիներն ակտիվ են ակադեմիական կյանքում, բիզնեսում և քաղաքականության մեջ: Հայկական ծագում ունեցող քաղաքացու՝ վերջերս շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակումը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավորների երկարատև ներկայությունը դրա վառ օրինակներն են»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև դժգոհել է, որ «որոշ միջազգային շրջանակներ անարդարացիորեն քննադատում են Թուրքիային կրոնական ազատությունների հետ կապված խնդիրների հարցում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment