ԿԸՀ-ն չի կարող կամայականորեն մերժել որևէ ուժի գրանցումը, եթե վերջինս ներկայացրել է Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Գրանցման մերժումը հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ փաստաթղթերը թերի են, և քաղաքական ուժը նախատեսված 48 ժամվա ընթացքում չի վերացրել առկա թերությունները։ Այս մասին մարտի 11-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է ԿԸՀ-ն չգրանցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել: Եթե կուսակցությունը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, ԿԸՀ-ն ուղղակի, առանց քվեարկության գրանցում է: Եթե չկա առարկություն, կուսակցությունը մեխանիկորեն համարվում է գրանցված: Արհեստական խոչընդոտ չի կարող լինել, քանի որ օրենքով սահմանված է փաստաթղթերի հստակ ցանկ»,- հայտնել է Հովակիմյանը։
Ըստ ԿԸՀ նախագահի՝ գրանցումից հետո ԿԸՀ-ն իրավասու չէ ինքնուրույն ուժը կորցրած ճանաչել քաղաքական ուժի գրանցումը։ Նման հարցերով հանձնաժողովը պետք է դիմի դատարան։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքը չի կարող քաղաքական ուժի գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Մեր օրենսդրությամբ՝ ԿԸՀ-ն այդ հարցով պիտի դիմի դատարան: Դրա համար պարտադիր պայման է, որպեսզի քաղաքական ուժը հետևողականորեն ոտնահարի Ընտրական օրենսգիրքը: Քաղաքական ուժը պիտի հետևողականորեն ոտնահարի օրենսգրքի պահանջները, որպեսզի ծանրակշիռ փաստեր կուտակվեն, որից հետո ԿԸՀ-ն պարտադրված կլինի դիմել դատարան»,- պարզաբանել է ԿԸՀ նախագահը։
Անդրադառնալով օտարերկրյա պետությունների կողմից հնարավոր ճնշումների կամ ֆինանսավորման վերաբերյալ իրավապահ մարմինների հայտարարություններին՝ ԿԸՀ նախագահը շեշտել է, որ հանձնաժողովը հետախուզական կամ իրավապահ մարմին չէ և առաջնորդվում է բացառապես ընտրական գործընթացի մասնակիցների գործունեությամբ Հայաստանի տարածքում։
«ԿԸՀ-ն հետախուզական, հակահետախուզական կամ իրավապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորի ձեր նկարագրած գործիքակազմով: Իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս: ԿԸՀ գործառույթը վերաբերում է գրանցված կուսակցություններին և նրանց գործունեությանը Հայաստանի տարածքում»,- ասել է Վահագն Հովակիմյանը:
Մարտի 10=ին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։
The post ԿԸՀ-ն չի կարող արհեստականորեն խոչընդոտել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը․ ԿԸՀ նախագահ appeared first on CIVILNET.