ՔԿ. 10 հազար դրամով մարդկանց են ներգրավել Սամվել Կարապետյանի հանրահավաքին․ մեկ անձի գործն ուղարկվել է դատախազին

Հասարակություն

10.03.2026 | 19:18

ՀՀ ՔԿ-ի հաղորդմամբ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին նախատեսված հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու համար մի շարք անձանց գումար է առաջարկվել։ Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը արդեն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին, իսկ գործով անցնող մյուս անձը գտնվում է հետախուզման մեջ։

Ինչպես հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:

«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ:

Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment