Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Իրանի ԱԳ նախարարին

Քաղաքականություն

10.03.2026 | 17:03

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում փոխանցել է Անկարայի ուղերձը՝ «թուրքական օդային տարածքի խախտումն անընդունելի է», հաղոորդում է TRT Haber-ը։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների տեղեկացմամբ՝ Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ։ Նա հավելել է՝ բոլոր կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և վտանգներ ստեղծել քաղաքացիական բնակչության համար։

Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքը թիրախավորող հրթիռներն իրանական ծագում չունեն, և որ այդ հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը որսացել են ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները, իսկ բեկորներն ընկել են Գազիանթեփի դատարկ հողատարածքների վրա։ Սա մեկ շաբաթվա արդեն ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment