2025-ին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 7-ին Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է, որ 2025-ի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր։
Գրիգոր Էլիզբարյանը, անդրադառնալով հանցագործության դեպքերին, ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով կամ 8.3%-ով:
2024-ի համեմատ՝ 2025-ին ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։
2025-ին արձանագրվել են ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային:
2025-ի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 մլն 728 հազար դրամ (2024 -ին՝ 1 մլրդ 479 մլն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 մլն 712 հազար դրամը (2024-ին՝ 51 մլն 935 հազար դրամ):
Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն 300 հազար դրամը:
2025-ին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 -ին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):
2025-ին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:
Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025-ին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 մլն 493 հազար դրամի վնաս (2024-ին՝ 5 մլրդ 677 մլն 550 հազար դրամ): 2025-ին վերականգնվել է պետությանը պատճառված 938 մլն 80 հազար դրամի վնասը, որից 924 մլն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:
2024-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025-ին ընթացքում վերականգնվել է 92 մլն 213 հազար դրամը:
2025-ին ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024-ին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 մլրդ 564 մլն 117 հազար դրամ է:
The post 2025-ին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել․ զինվորական դատախազ appeared first on CIVILNET.