Հայաստանի վարչապետը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։

«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:

Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։

Մարտի 8-ի ուշ երեկոյան իրանական պետական լրատվամիջոցները հաղորդեցին Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին։

Փետրվարի 28-ի ամերիկա-իսրայելական հարվածների ժամանակ Մոջթաբային հաջողվել էր փրկվել, քանի որ նա իր տարբերություն իր հոր՝ Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի և ընտանիքի այլ անդամների, գտնվում էր այլ վայրում։

Մոջթաբա Խամենեին 56 տարեկան է, ծնվել է Իրանի Մաշհադ քաղաքում, երիտասարդ տարիքում դարձել հոգևորական՝ ավարտելով Իրանի հոգևոր ճեմարանը։ Նա երբևէ հանրային դեմք չի եղել։ Վերջին տարիներին միայն նրա անունը շրջանառվում էր հոգևոր նոր առաջնորդի հավակնորդների թվում՝ Իրանի հանգուցյալ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսիի հետ միասին։

The post Հայաստանի վարչապետը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին appeared first on CIVILNET.

Leave a comment