Թուրքիայի օդային սահմանը հատած Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է․ Թուրքիայի ՊՆ

Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը, հատելով Թուրքիայի օդային սահմանը, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չեզոքացված հրթիռի բեկորներն ընկել են Գազիանթեփի դատարկ դաշտերում. միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։ 

«Թուրքիան, կարևորելով բարիդրացիական հարաբերություններն ու տարածաշրջանային կայունությունը, հայտարարում է, որ վճռականորեն կիրականացնի բոլոր անհրաժեշտ քայլերը սեփական տարածքին և օդային սահմաններին սպառնացող ցանկացած վտանգի դեմ՝ հորդորելով հաշվի առնել երկրի կողմից հնչեցվող նախազգուշացումները»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Անկարան նաև մարտի 4-ին էր հայտնել Թուրքիայի օդային տարածքում իրանական բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։

***

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Թուրքիայի օդային սահմանը հատած Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է․ Թուրքիայի ՊՆ appeared first on CIVILNET.

Leave a comment