Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Նախիջևանի միջադեպը և երկկողմ հարաբերությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 8-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև իրանցի բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիների զոհվելու կապակցությամբ հայտնած ցավակցության համար:  

Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ իրականացված օդային հարվածներին՝ Մասուդ Փեզեշքիանը շեշտել է, որ այդ հարձակումը որևէ կապ չի ունեցել Իրանի հետ։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ենթակա են մանրակրկիտ հետաքննության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին կարևորել է Նախիջևանում տեղի ունեցած օդային հարվածի հանգամանքների բացահայտմանն ուղղված քննչական գործողությունները։

Բացի անվտանգային հարցերից, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Թեհրանի և Բաքվի միջև համատեղ տնտեսական նախագծերի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Փետրվարի 28-ից Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողություններն ընդգրկել են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանը պատասխան հարվածներ է հասնում ոչ միայն Իսրայելին, այլև՝ տարածաշրջանի այն երկներին, որտեղ ԱՄՆ բազաներ կան տեղակայված։ 

Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունները մարտի 5-ին հայտնել էին, թե Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, ինչի հետևանքով մարդիկ էին վիրավորվել։

The post Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Նախիջևանի միջադեպը և երկկողմ հարաբերությունները appeared first on CIVILNET.

Leave a comment