Լուսինե Վարդանյան, Բրյուսել
Բրյուսելում Հայաստանի իրավիճակի մասին պատկերացումները տարբերվում են իրականությունից, կարծում է Բրյուսելի էներգետիկ ակումբի գլխավոր ներկայացուցիչ Մարատ Տերտերովը։
ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով Հայաստանի էներգետիկ անկախության և այդ համատեքստում Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ Տերտերովն ասաց, որ Հայաստանի էներգետիկ իրավիճակն աղետալի չէ, բայց Եվրամիությունը կարող է շատ ավելին անել այս ուղղությամբ։
Բրյուսելի էներգետիկ ակումբն էներգետիկայի և կլիմայի վերաբերյալ քննարկումների հարթակ է։ Այն այլ էներգետիկ ակումբների ցանցի մաս է՝ Լոնդոնի, Հյուսթոնի և Բոսֆորի։
Ըստ Տերտերովի՝ Եվրոպայում հայերին համարում են իրենց քաղաքակրթության մաս, որին ցանկանում են տեսնել Եվրոպայում, և այդ պատճառով հաճախ անտեսում կամ մերժում են տեղում առկա իրողությունները։ Նա Եվրոպայի մոտեցումը համարում է «ձևանմուշային»։
«Եվրոպական Միությունը ներդրող չէ, այլ ներդրումները խթանող և դյուրացնող։ Ինչպես զարգացնել Հայաստանի սեփական էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչպես ստեղծել գործիքներ էլեկտրաէներգիայի գնման երկարաժամկետ պայմանագրերի համար, ինչպես զարգացնել պետական-մասնավոր համագործակցությունը․ այս առումով ԵՄ-ն կարող է ավելի մեծ դեր խաղալ որպես գործընթացը խթանող ուժ»,- ասում է նա։
Տերտերովի խոսքով՝ ԱՄՆ-ն բիզնեսի տեսանկյունից հաճախ ավելի ագրեսիվ է, ցանկանում է շուկա մտնել և գործել, ինչպես դա անում են չինացիներն ու ռուսները։ Այդ պատճառով ԵՄ-ն «բաց է թողնում ավտոբուսը և կենտրոնանում է ոչ թե այն բանի վրա, ինչ իրականում Հայաստանին է պետք, այլ այն բանի վրա, ինչ Եվրոպան է կարծում, թե Հայաստանին պետք է։ Իսկ սա լավ մոտեցում չէ»։
Հարցին, թե նոր ատոմակայանի կառուցումը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական որոշում պիտի լինի, Տերտերովը պատասխանում է՝ «ատոմային էներգետիկան երբեք ամբողջությամբ տնտեսական որոշում չէ»։
Փետրվարին 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, ինչը կնախատեսի սկզբում 5 մլրդ դոլարի արտահանում և 4 մլրդ դոլարի հետագա մատակարարումներ։ Վենսը նշել էր, որ խոսքը ամերիկյան փոքր հզորության՝ մոդուլային ռեակտորների մասին է, որ «ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր»։ Դրան հետևեց ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հայտարարությունը, որ պատրաստ են հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը՝ «բնականաբար հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները»։
««Ռոսատոմի» նման ընկերությունները մրցելու են՝ առաջարկելով գրավիչ պայմաններ ատոմային էներգիայի արտադրության համար։ Դա միշտ չէ, որ ընդունելի է արևմտյան երկրների համար։ Հավանաբար ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երևանում նույնպես քննարկվել են նման հարցեր»,- ասում է Տերտերովը։ Նրա խոսքով՝ ատոմային էներգետիկան երբեք զուտ տնտեսական որոշում չէ. այն ունի նաև քաղաքական կողմ, ինչպես գազի շուկան։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։ Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։ Այս տեխնոլոգիան գործնական լայն կիրառության մեջ դեռ չի դրվել, ինչը Հայաստանում որոշակի մտահոգությունների ու քննարկումների տեղիք է տալիս։
Տե՛ս՝ Մոդուլային ատոմակայանների շուրջ պնդումները. ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Վերազինումից հետո այն երկարաձգվել է մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է ռուսական «Ռոսատոմը»։
Մարատ Տերտերովի կարծիքով՝ խաղաղությունն ամրապնդելու համար Հայաստանին պետք է լիարժեք ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ նախագծերում։ Նա հիշեցնում է, որ Կասպից ծովից դեպի Թուրքիա գնացող մեծ նավթագազային խողովակաշարերը, որոնք անցնում են Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, տնտեսական առումով ավելի արդյունավետ կլիներ անցկացնել Հայաստանի տարածքով, սակայն Ղարաբաղյան չլուծված հակամարտության պատճառով դրանք շրջանցեցին Հայաստանը և անցան Վրաստանով։
Իսկ ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանն այդ նախագծերին։ Ըստ Տերտերովի՝ շատ բան։ Քանի որ Հայաստանն ու Վրաստանը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն ավելի շուտ են սկսել, նա կարծում է, որ Ադրբեջանն այս գործընթացում սեփական շուկայի բարեփոխման համար Հայաստանին և Վրաստանին դիտարկում է որպես տարածաշրջանային օրինակներ։
Տե՛ս՝ Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացել է․ ինչ պետք է իմանալ
Բրյուսելի էներգետիկ ակումբի ներկայացուցիչը նաև խոսում է էներգետիկ տրանսֆորմացիայի և այդ համատեքստում էներգիայի գների բարձրացման մասին։ Նա նշում է, որ Եվրոպայում բնակչության ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են, և չենք կարող դա համեմատել Հայաստանի հետ․ «էներգիայի գների բարձրացման դեպքում անհրաժեշտ է ունենալ բնակչությանը պաշտպանելու գործիքակազմ»։
The post Բրյուսելում Հայաստանի իրավիճակի մասին պատկերացնումները տարբեր են իրականությունից. էներգետիկ փորձագետ appeared first on CIVILNET.