Իրանի նախագահ Փեզեշքիանն այսօր զանգել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը վստահեցրել է, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված դրոնի հարվածի հետ Իրանը ոչ մի կապ չունի։ Ալիևն էլ իր հերթին խոսել է այդ միջադեպը քննելու անհրաժեշտության մասին ու ևս մեկ անգամ ցավակցել Իրանի նախագահին՝ պատերազմում կրած մարդկային կորուստների համար։
Թե որքանով է բավարարված Ալիևը իրանական կողմի վստահություններով, ցույց կտա ժամանակը։ Սակայն իրավիճակը շատ նման է Ադրբեջանի հետ կապված մեկ այլ միջադեպի, երբ Գրոզնի թռնող ադրբեջանական օդանավը, Ռուսաստանի օդային տարածքում լուրջ վնասվածքներ ստանալով, վայր է ընկել Ակտաուի (Ղազախստան) մերձակայքում։ Ռուսական կողմն էլ է հերքում իր առնչությունն այդ վթարին՝ ծայրահեղ դեպքում չհերքելով, որ հնարավոր է օդանավը սխալմամբ է խոցվել ՀՕՊ համակարգերի կողմից։ Սակայն Ալիևը մինչ օրս ներողություն և կոմպենսացիա է պահանջում Ռուսաստանից՝ գրեթե բաց տեքստով ասելով, որ ռուսական կողմը նպատակաուղղված է խոցել AZAL-ի ինքնաթիռը։
Նախիջևանի օդանավակայանին հարվածից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը, առանց Իրանի պրազաբանումներին սպասելու, ամենալկտի վիրավորանքներն է հասցրել իրանական կողմին։ Նա հիշել է նաև 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը և դա նույնպես դասել «Իրանի հակադրբեջանական գործողությունների» շարքին։ Ավելին, Արդբեջանը կոնկրետ հակաիրանական քայլեր է ձեռնարկել՝ պատերազմի ամենաթեժ պահին փակելով Իրանի հետ սահմանը՝ ըստ էության բլոկադային ենթարկելով այդ երկիրը։
Թե ինչու՞ է այդքանից հետո Փեզեշքիանը փորձում սիրաշահել Ալիևին, դեռևս հասկանալի չէ։ Բայց այն, որ Փեզեշքիանի խոսքը ոչ մի կշիռ չունի Իրանի զինված ուժերի շրջանում, փաստ է։ Ավելին, չի բացառվում, որ Իրանը նոր հարված կհասցնի Ադրբեջանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ալիքներում արդեն իսկ բացահայտ սպառնում են Ալիևին։ Եվ դա գիտակցում են նաև Իսրայելի իշխանությունները, որոնք արդեն հորդորել են իրենց քաղաքացիներին Ադրբեջան չգնա։ Ի դեպ, նաև Հայաստան ու Վրաստան…
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն