Իրանի շուրջ ընթացող պատերազմը բարդ ընտրության առաջ է կանգնեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է բրիտանական The Economist հանդեսը։
Նավթի գների աճը Մոսկվայի համար տնտեսական որոշ օգուտ է ստեղծում, սակայն դրա դիմաց Ռուսաստանը կրկին ցույց է տալիս, որ ի վիճակի չէ պաշտպանել իր գործընկերներին։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի արձագանքը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին չափազանց զուսպ էր։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Կրեմլը սահմանափակվեց ցավակցական ուղերձով, որտեղ կատարվածը որակվում էր որպես «մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի նորմերի ցինիկ խախտում», սակայն պատասխանատու կողմ չէր նշվում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի բաց է ձևակերպել Մոսկվայի դիրքորոշումը՝ հայտարարելով. «Սա մեր պատերազմը չէ։ Մենք պետք է անենք այն, ինչ համապատասխանում է մեր շահերին, որքան էլ դա ցինիկ հնչի»։
Թեև Ռուսաստանը նախկինում Իրանին մատակարարել էր S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, վարժական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ սպառազինություն, այդ զինատեսակները գործնականում չեն կարողացել կանխել ամերիկյան ու իսրայելական օդային հարվածները։ Նշվում է նաև, որ Իրանի հակաօդային պաշտպանության զգալի մասը արդեն ոչնչացվել է, իսկ ռուսական արտադրության Yak-130 ինքնաթիռներից մեկը մարտի 4-ին խոցվել է իսրայելական F-35 Lightning II կործանիչի կողմից։
Միաժամանակ, ըստ հոդվածի, Ռուսաստանը ռազմական առումով սահմանափակ հնարավորություններ ունի Իրանին նոր մատակարարումներ անելու համար, քանի որ նույն սպառազինությունը իրեն անհրաժեշտ է Ուկրաինայում պատերազմի պայմաններում։
Տնտեսական առումով, սակայն, պատերազմը որոշակի օգուտ է տվել Մոսկվային։ Ռուսական նավթի մեկ բարելի գինը, որը սովորաբար վաճառվում է զեղչով արևմտյան պատժամիջոցների պատճառով, բարձրացել է մինչև 72 դոլար՝ գերազանցելով Ռուսաստանի 2026-ի բյուջեում նախատեսված 59 դոլարը։ Հոդվածում նշվում է, որ դա ժամանակավորապես թեթևացնում է ռուսական բյուջեի ճնշումը, հատկապես այն պայմաններում, երբ տարվա սկզբին նավթագազային եկամուտները կտրուկ նվազել էին։
The Economist-ը շեշտում է, որ ռազմավարական առումով իրավիճակը Մոսկվայի համար բացասական է․ Ռուսաստանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի ցանկանում կամ չի կարող պաշտպանել իր գործընկերներին։ Հոդվածում նշվում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ վերջին հեռախոսազրույցում Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ինչից կարճ ժամանակ անց իրանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հարևան երկրների ուղղությամբ հրթիռային և անօդաչու հարվածները։
Հոդվածը եզրափակում է, որ Մոսկվայի համար Իրանը լիարժեք դաշնակից չէ, այլ ավելի շուտ Արևմուտքի հետ առևտրի և ճնշման գործիք։ Սակայն եթե Թեհրանի վարչակարգը թուլանա կամ փլուզվի, դա արդեն կարող է անհանգստացնել Կրեմլին, քանի որ ՌԴ իշխանությունը տարիներ շարունակ Իրանը ներկայացրել է որպես պատժամիջոցների պայմաններում գոյատևող և ներքին վերահսկողությունը պահպանող մոդել։
The post Իրանի պատերազմը բարդ ընտրության առաջ է դրել Պուտինին. The Economist appeared first on CIVILNET.