Չինաստանը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխության փորձերը չեն ունենա հանրային աջակցություն և կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները. այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում կիրակի կայացած ասուլիսին։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Վան Ին նշել է, որ «գունավոր հեղափոխություն ծրագրելը կամ իշխանափոխության ձգտելը չի գտնի ժողովրդական աջակցություն»։ Նա նաև ընդգծել է, որ պետք է հարգել Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունը և կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։
Պեկինը դատապարտել է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը։
Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ ներկայիս պատերազմը «չպետք է տեղի ունենար» և այն «ոչ մեկին օգուտ չի տալիս»։ Նրա խոսքով՝ ուժի կիրառումը լուծում չէ, իսկ զինված հակամարտությունը միայն խորացնում է ատելությունը և ստեղծում նոր ճգնաժամեր։
Վան Ին ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրների հարցերը պետք է որոշվեն հենց տարածաշրջանի պետությունների կողմից՝ առանց արտաքին միջամտության։ «Ուժեղ բռունցքը չի նշանակում ուժեղ արդարացում։ Աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքին»,- ասել է նա։
Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին հնարավորինս արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։ Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ Մերձավոր Արևելքում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։
ԱՄՆ ազգային հետախուզական խորհրդի գաղտնի զեկույցներից մեկի համաձայն, ըստ Al Jazeera-ի, նույնիսկ լայնածավալ ամերիկյան ռազմական գործողությունը դժվար թե կարողանա տապալել Իրանի ռազմական և հոգևոր իշխանության կառուցվածքը։
. . .
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող օդային հարվածները Իրանի ռազմական և ռազմավարական օբյեկտներին Մերձավոր Արևելքում ստեղծել է վերջին ժամանակների ամենալարված իրավիճակը։ Հարվածների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և զինվորականներ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող այն օբյեկտներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական ուժեր կամ ենթակառուցվածքներ։
The post Չինաստանը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Իրանի դեմ appeared first on CIVILNET.