Ե՞րբ Երևանի դպրոցների ճաշարաններում կտրամադրվի անվճար սնունդ

Որոշ մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է անվճար սնունդ։ 

MediaHub-ը գրել էր, որ հաջորդ ուսումնական տարում այդ նախագիծը պիլոտային կերպով կներդրվի նաև Երևանի որոշ դպրոցներում։

MediaHub-ը դեռ մի քանի ամիս առաջ դիմել էր ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանին, ով հայտնել էր․ «Երևանում ծրագիրը դեռ փուլային է, և 2026 թ. հունվարից 10 դպրոցում կգործարկվի տաք սննդի տրամադրման փորձնական ծրագիր։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են»։  

Վահանյանի խոսքից ամիսներ անց MediaHub-ը տեղեկացավ՝ այս պահին Երևանի ոչ մի դպրոցում չի գործում սննդի տրամադրման ծրագիրը։  

MediaHub-ը ևս մեկ անգամ կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ` հասկանալու՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ չի գործում ծրագիրը, որը նախատեսված էր գործարկել դեռ հունվարից 10 դպրոցներում: «Երևանում «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձարկումը նախատեսված է եղել մեկնարկել 2026 թվականի սեպտեմբերից։ Ներկայում իրականացվում են  համապատասխան նախապատրաստական  աշխատանքներ, որպեսզի ընտրված դպրոցները լիարժեք պատրաստ լինեն տաք սննդի ծառայությունը մատուցելուն»,- նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը  մի քանի ժամանակ առաջ MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերից այդ ցուցակը կընդլայնվի՝ ներառելով 24 դպրոց, մնացած 125 դպրոցներում վերանորոգման և վերազինման աշխատանքները կշարունակվեն՝ պիլոտային ծրագրի ընթացքին զուգահեռ։

Մարիաննա Արամյան

Leave a comment