«Սամոդուրը» եւ նրան դիմադրողները

Ի՞նչ կասեիք դուք, եթե որեւէ երկրի ղեկավար հայտարարեր, որ ինքն անպայման պետք է ներգրավված լինի մեկ այլ երկրի ղեկավարի «նշանակմանը» («I have to be involved in the appointment»):  Մինչեւ վերջին ժամանակներս, դուք, հավանաբար, կասեիք, որ նախ՝ պետությունների ղեկավարները չպիտի «նշանակվեն» եւ երկրորդ՝ այն հարցը, թե ով պետք է ղեկավարի այս կամ երկիրը, որոշում են այդ երկրի քաղաքացիները:

Բայց, քանի որ նման բան ասողը ԱՄՆ նախագահ Թրամփն է (առաջ այդ պաշտոնը զբաղեցնողին անվանում էին «ազատ աշխարհի առաջնորդ»), իսկ երկիրը, որի ղեկավարին «նշանակելու» հավակնություններ նա ունի, Իրանն է, ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի ընդհանուր պատկերացումները, կարծես թե, այլեւս չեն գործում: Առաջին պլան են դուրս գալիս աշխարհաքաղաքական համակրանք-հակակրանքները: Համաձայն դրանց, Х երկիրը կամ երկրների խումբը «բարիքի առանցքում են», իսկ Y երկիրը կամ երկրների խումբը՝ «չարիքի առանցքում»: Մոտեցում, որը հակասում է թե՛ սովորական տրամաբանությանը, թե՛, առավել եւս, պետական մտածողության կանոններին:

Ի դեպ, 1953 թվականին ԱՄՆ-ը Բրիտանիայի հետ միասին արդեն մի անգամ «ներգրավվել էր» Իրանում ղեկավար «նշանակելուն»: Օպերացիան իրականացրել էին CIA-ը եւ MI6-ը, իսկ «փորացավը», բնականաբար, նույն նավթն էր: Բայց այն ժամանակ գոնե ամաչում էին դրա մասին բարձրաձայն խոսել եւ պնդում էին, որ շահի վերադարձը «իրանական ժողովրդի ընտրությունն» է:

Ինչ մնում է համակրանքին: Երբ ազգային՝ ներհայաստանյան կամ միջազգային ասպարեզում ի հայտ է գալիս մի «սամոդուր», որը լծակներ ունի բոլորին ճնշելու, իմ համակրանքը նրանց կողմն է, ովքեր այդ «սամոդուրին» դիմադրում են: Դրա օրինակն է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որը հրաժարվել է տրամադրել իր երկրում տեղակայված բազաները՝ Իրանին հարվածելու համար: Կամ՝ պահպանողական հայացքներ ունեցող մեկնաբան Թաքեր Կարլսոնը, որն այդ հարվածները համարել է ԱՄՆ շահերին հակասող:

Թրամփը Իսպանիայի վարչապետին անվանել է «լուզեր» եւ սպառնացել խզել այդ երկրի հետ տնտեսական կապերը, իսկ Կարլսոնի մասին ասել է, թե նա այնքան խելացի չէ, որ հասկանա, թե ինչ է նշանակում «make America great again»:

…Բայց, մյուս կողմից, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկիր է, եւ Թաքերին, ենթադրում եմ, չի սպառնում «ապօրինի գույքի առգրավում», առավել եւս՝ դժվար թե նրան ազատազրկեն սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ խուլիգանության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment