Այս օրերին` մինչեւ հունիսի 7-ը, թերևս, պետք է ամեն օր կրկնենք Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի խոսքերը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Մեզ առաջիկա ամիսներին դեռ շատ կստեն ու կմոլորեցնեն, կփորձեն ապակողմնորոշել ու կողմնորոշել, համոզել ու ներշնչել, մանիպուլացնել ու հիմարացնել:
Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին: Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման ու դրանցով մի կողմնորոշվեք: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում: Մի վախեցեք ոչ մի սպառնալիքից ու մի հավատացեք հեքիաթներին` ոչ խաղաղության եւ ոչ էլ պատերազմի մասին: Մի առաջնորդվեք ոչ ձեր անմիջական ղեկավարի` «շեֆի», ոչ պաշտոն զբաղեցնող կամ փողատեր ազգականների, ոչ թաղի խուժանի, ոչ հեռուստացույցի էկրանից բարբաջող փորձագետների խորհուրդներով:
Որովհետև`
1. Սոցհարցումների արդյունքները սարքում են ու խաբում, թեև այսօր հրապարակված արդյունքներն ավելի շուտ իշխանության ֆիասկոյի մասին են վկայում, քանի որ անգամ ամենատապալված իշխանությունը գոնե 25 % ռեյտինգ` վարչական ռեսուրսի ու հարցվողների վախվորած պատասխանների հաշվին, միշտ ունենում է: Երբեք իշխանական ուժի ռեյտինգը զրո չի լինում:
2. Խոստումներ կարող է տալ ընդդիմությունը, որը դեռ իշխանություն չի եղել, թեև ընդդիմության խոստումներին էլ պետք չէ հավատալ, քանի որ այս իշխանությունը ոչ միայն խոստում տալու և դա կատարելու ավանդույթները ոչնչացրեց, այլև առանց աչք թարթելու ու ամաչելու կարող է իր երեկվա ասածից հրաժարվել, մի բան էլ իր ասածները հիշեցնողներին ամոթանք տալ:
Կհարցնեք` այդ դեպքում ինչպե՞ս կողմնորոշվենք, թե ում ետևից գնալ, ում ընտրել, որ հերթական անգամ չխաբվենք: Առաջարկում եմ մեկ չափանիշով առաջնորդվել` բացառապես ռեալ, շոշափելի փաստերով, արդեն կայացած իրողություններով:
Ոչ թե լսեք, թե ինչ են ասում Փաշինյանն ու ՔՊ- ականները, այլ հետ նայեք` ի՞նչ են արել նրանք իրենց կառավարման 8 տարիների ընթացքում: Ինչպիսի՞ բարեկեցություն են ապահովել երկրում, ի՞նչ են ստեղծել, ինչպիսի՞ պետություն (պետություններ) են ժառանգություն ստացել և ի՞նչ ունենք այսօր:
Ինչ վերաբերում է անցյալում իշխանություն եղած ուժերին` նույն հարցերը տվեք ինքներդ ձեզ` ի՞նչ են ստեղծել իրենց իշխանության շրջանում, ինչպե՞ս ենք ապրել, ի՞նչ պետություն ենք ունեցել, ինչի՞ց ենք դժգոհ կամ գոհ եղել:
Եվ վերջին խումբը` նրանք, ովքեր երբևէ իշխանության չեն եղել: Հարց տվեք` ովքե՞ր են, ի՞նչ են ստեղծել` ի՞նչ շոշափելի արդյունքի են հասել իրենց կյանքում: Եթե բիզնեսմեն է` ի՞նչ աշխատանքային միջավայր է ստեղծել, ինչքանո՞վ է արդյունավետ գործել: Եթե կուսակցական լիդեր է` ի՞նչ տիպի կուսակցություն է ստեղծել: Վերջապես, ինչ են ասում նրանց մասին իրենց կուսակիցներն ու աշխատակիցները:
Ժամանակ կա` մի շտապեք, մի հուսահատվեք: Բոլորը` անգամ ամենախստապահանջ ընտրողները, ունենալու են ընտրության հնարավորություն: Մանավանդ կյանքի ընկեր չեք ընտրում, այլ ընդամենը իշխանություն, որը երբեք իդեալական չի լինում: