Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությայմբ երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանին աջակցելու համար։
«Մենք մեծապես գնահատում ենք Ադրբեջանի հետ համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին այս ընթացքում և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարձակումանն ի պատասխան Իրանի հարվածներն ընդլայնել են պատերազմական գործողությունների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Պարսից Ծոցի Արաբական երկրները։
Մարտի 5-ին, ենթադրաբար, Իրանից անօդաչուներ են հարվածել նաև Նախիջևանին։ Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները ախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Հաղորդագրության մեջ չի նշվում, արդյոք Միրզոյանը որևէ աջակցություն է հայտնել Ադրբեջանին անօդաչուների հարվածի առնչությամբ։
The post Ադրբեջանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին appeared first on CIVILNET.