Թուրքիան քննադատել է Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հարձակումը

Թուրքիան քննադատել է Նախիջևանի ուղղությամբ մարտի 5-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումը, այդ մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է վերջ տալ  տարածաշրջանում երրորդ երկրների թիրախավորմանն ու պատերազմի ծավալման վտանգները մեծացնող հարձակումներին», – ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Անկարան ինչպես միշտ շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին։

Մինչև այդ, այս թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անընդունելի են համարել իրանական կողմի մարտի 4-ի հարվածները Թուրքիայի, իսկ մարտի 5-ին՝ Ադրբեջանի դեմ։

Մարտի 4-ին Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Ադրբեջանական կողմը կատարվածում մեղադրում է Իրանին, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 5-ին հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նախիջևանի դեմ հարձակումը «ահաբեկչական ակտ» է որակել։

Իրանական կողմը պաշտոնապես հերքել է Իրանից Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը։

Իրանի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգում է բոլոր երկրների, հատկապես մուսուլման և հարևան պետությունների ինքնիշխանությունը։

Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ևս հայտարարել է, որ Իրանը չի թիրախավորում իր հարևան երկրները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Թուրքիան քննադատել է Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հարձակումը appeared first on CIVILNET.

Leave a comment