Հին ու ԱԲ-ով ստեղծված կադրեր՝ Իրանի շուրջ հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 1

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին Իրանին հասցված հարվածներից ևծ պատասխան գործողություններից հետո հետո լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն տարածվում են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների կադրեր։

Հայկական լրատվամիջոցներում ևս հայտվել են հին, բոլորովին այլ վայրերում նկարահանված, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված կադրեր։

Կեղծ պնդում, հին տեսանյութ. «Դուբայում այրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության շենքը»

«5-րդ ալիք», «Երկիր մեդիա», «Հայկական ժամանակ» և մի շարք այլ լրատվամիջոցներ մարտի 1-ին տեսանյութ են տարածել՝ նշելով, թե Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում այրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) կողմից օգտագործվող շենքը։

«5-րդ ալիքի» տեսանյութում՝ իբրև Դուբայում այրվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության շենքը

Իրականում տեսանյութում երևացող հրդեհվող շենքը գտնվում է ոչ թե Դուբայում, այլ ԱՄԷ Շարժա քաղաքում։ Տեսանյութում «Նասերի աշտարակ» (Nasar Tower) անվանումով բնակելի շենքն է։ Բացի այդ, տեսանյութը նոր չէ․ այդ շենքում հրդեհը տեղի է ունեցել դեռևս 2015-ին, և դեպքը լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից (1, 2, 3

Էկրանապատկերը՝ Google Maps-ից

ԿՀԳ-ի խոսնակը Ռոյթերսի (Reuters) հետ զրույցում հայտնել է, որ գործակալության որևէ օբյեկտ Դուբայում հարվածներ չի ստացել։

Կեղծ լուսանկար. «Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունն այրվել է»

News.am, ankakh.com, slaq.am կայքերը մարտի 3-ին, հղում անելով իրանական Mehr լրատվական գործակալությանը, գրել են, թե Իրանի հարձակումից հետո Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այրվում է ԱՄՆ դեսպանատունը՝ որպես ապացույց կցելով լուսանկար։ 

Էկրանապատկերները՝ լուսանկարը տարածած լրատվամիջոցների հրապարակումները

Իրականում Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունը իսկապես հարվածներ ստացել է։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը մարտի 3-ին հաստատել է լուրը՝ հայտնելով, որ ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ իրականացվել է հարձակում երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչի հետևանքով «փոքր հրդեհ է բռնկվել, և շենքը կրել է աննշան նյութական վնասներ»։

Տեսանյությում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան հրդեհից հետո արված կադրերը, France24-ի յութուբյան էջից

Սակայն հայկական լրատվամիջոցների կողմից օգտագործված լուսանկարը կեղծ է։ Ըստ ԱԲ կիրառությունը հայտնաբերող sightengine.com հարթակի՝ այն 97% հավանականությամբ ստեղծվել է Imagen կամ Nano Banana մոդելներով։

Էկրանապատկերը՝ sightengine.com-ից

Սխալ պնդում, հին տեսանյութ.«Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռը հարձակման է ենթարկվել»

Mediahub.am, yerkir.am, lurer.com և մի շարք այլ լրատվամիջոցներ մարտի 1-ից տարածում են հրդեհվող ինքնաթիռի տեսանյութ՝ «Իսրայելական ինքնաթիռը հարձակման է ենթարկվել Բեն Գուրիոն օդանավակայանում» վերտառությամբ։

Էկրանապատկերում՝ տեսանյութը տարածած լրատվամիջոցների հրապարակումները

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու օրը։

Տարածվող տեսանյութում երևացող ինքնաթիռը ոչ թե Իսրայելից է, այլ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվերի միջազգային օդանավակայանից։ Այնտեղ 2025-ին թռիչքի պատրաստության ժամանակ, ուղևորները տարհանվել են ծխացող ինքնաթիռից։ Թռիչքը դադարեցվել էր վայէջքի հենակի անսարքության պատճառով։

Տեսանյութում՝ 2025-ին ԱՄՆ-ում ծխացող ինքնաթիռից ուղևորների տարհանումը, nypost.com

Այսպիսով, հակամարտության ֆոնին տարածվող որոշ հրապարակումներ օգտագործում են հին կամ արհեստական բանականությամբ ստեղծված կադրեր, որոնք ներկայացվում են որպես ընթացիկ իրադարձությունների պատկերներ, սակայն իրականում կապ չունեն դրանց հետ։

The post Հին ու ԱԲ-ով ստեղծված կադրեր՝ Իրանի շուրջ հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 1 appeared first on CIVILNET.

Leave a comment