ԱՄՆ հրամանատարությունը Պենտագոնից լրացուցիչ անձնակազմ է խնդրել՝ Իրանի հետ պատերազմը առնվազն 100 օր շարունակելու համար. Politico

Քաղաքականություն

05.03.2026 | 11:30

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից խնդրում է լրացուցիչ ռազմական հետախուզության անձնակազմ ուղարկել Ֆլորիդայի իր կենտրոնակայան՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար առնվազն 100 օր, ամենայն հավանականությամբ՝ մինչև սեպտեմբեր, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ներքին փաստաթղթերին, գրում է Meduza-ն։

Ըստ հրապարակման՝ սա նշան է, որ  ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ֆինանսավորում է հատկացնում այնպիսի գործողությունների համար, որոնք կարող են տևել շատ ավելի երկար, քան Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սկզբնական չորսշաբաթյա ժամկետը։

Պենտագոնը նաև փորձում է տարածաշրջանում տեղակայել ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես, փոքր, ավելի էժան հակաօդային համակարգեր, որոնք նախարարությունը մշակել է վերջին տարիներին, ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Politico-ն նշում է, որ Թրամփի թիմը «լիովին չէր կանխատեսել» Իրանի պատերազմի ավելի լայն հետևանքները։ Դրա մեկ այլ նշան է Պետքարտուղարության կողմից Մերձավոր Արևելքից դիվանագիտական ​​անձնակազմի տարհանման համար լրացուցիչ ռեսուրսների հատկացումը։

Պետքարտուղարության աղբյուրի խոսքով՝ տարհանման գործընթացը, որը սովորաբար իրականացնում են հյուպատոսական և գրասենյակային աշխատակիցները, ստանձնել է բարձրաստիճան ղեկավարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment