Ինչն է ցնցում եւ ինչը չի ցնցում եվրոպական լիդերներին

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, հայտնում են, թե «ցնցված են» Իրանի «ոչ ընտրողական եւ ոչ համաչափ» հարվածներից Միջին Արեւելքի երկրների ուղղությամբ: Եվրոպական երեք լիդերները կոչ են արել Իրանին՝ վերջ տալ այդ «խելահեղ հարձակումները»: Այսինքն՝ ձեզ հարվածում են, բայց դուք մի՛ պատասխանեք: Հավանաբար, փետրվարի 26-ին իրանական Մինաբ քաղաքում իսրայելա-ամերիկյան հարվածի արդյունքում 7-12 տարեկան առնվազն 160 աղջիկների սպանությունն այդ առաջնորդներին չի ցնցել, եւ այդ հարվածները նրանք, ըստ ամենայնի, համարում են «համաչափ» եւ արդարացված:

Կան արժեքներ եւ սկզբունքներ, որոնք քաղաքականությունից եւ այդ թվում՝ աշխարհաքաղաքականությունից վեր են: Ինձ համար վատ քաղաքական ռեժիմն արդարացում չէ՝ երկրի վրա հարձակվելու եւ մարդկանց սպանելու համար: Նման արդարացումը ես նույնքան անհամոզիչ եմ համարում, որքան Ռուսաստանի այն հեքիաթը, թե Ուկրաինան ուզում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, եւ դրա համար ՌԴ զորքերն այնտեղ ներխուժեցին: Ագրեսիան ոչ մի արդարացում չունի: Շատ ցավալի է, ի դեպ, որ Հայաստանում էլ կան «ռուսամետ» կամ «ամերիկամետ» մարդիկ, որոնք, գոնե առաջին հայացքից, մարդակեր չեն, բայց ողջունում են Ուկրաինայում կամ Իրանում անմեղ մարդկանց սպանությունը:

Առավել եւս, մեղմ ասած, տարակուսելի է, երբ դա անում են մարդիկ, ովքեր պետք է որ եվրոպական արժեքների կողմնակից լինեն, որոնք, հիշեցնեմ, Կանտի, Վոլտերի, Լոքի հայրենակիցներն են: Ներկայիս եվրոպական առաջնորդների տրամաբանությունը շարունակելով՝ կարելի է հասնել նացիստների համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան «Գուլագի» արդարացմանը: Չէ՞ որ Հիտլերն ու Ստալինը նույնպես «պատճառներ ունեին» մարդկանց սպանելու:

Եվ այսքանից հետո ես ինձ կարող եմ թույլ տալ կասկածել, որ ԵՄ-ն Հայաստանի համար խաղաղություն եւ ժողովրդավարություն է ուզում: Նրանք ուզում են Փաշինյանի վերարտադրությունը, որը ո՛չ խաղաղասեր է, ո՛չ էլ, առավել եւս, ժողովրդավար:

…Սաուդյան Արաբիայում նույնքան վատ ռեժիմ է, որքան Իրանում: Ինչո՞ւ այդ երկրին չեն հարվածում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա Իսրայելի կողմից 2026 թվականի մարտի 2-ին հասցված հարվածից հետո զոհերի համար պատրաստված գերեզմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment