ՆԳՆ պարզաբանումը «Մարտինի Ռոյալ»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ․ կրակոցներ չեն եղել

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Մարտինի Ռոյալ» սրճարանում, որը, ըստ հրապարակումների, ուղեկցվել է ծեծկռտուքով և կրակոցներով։ Նշվում էր նաև, որ միջադեպը կապ ունի գործարարներ Սամվել Ալեքսանյանի և «Զովք» ընկերության սեփականատիրոջ միջև առկա խնդիրների հետ։

Տեղեկությունների ճշտման նպատակով Մեգանյուզը դիմել է Ներքին գործերի նախարարությանը։

Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ-ն Մեգանյուզին փոխանցել է հետևյալ պարզաբանումը․

«Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Այսպիսով, նախարարությունը հաստատում է միջադեպի առկայությունը՝ խուլիգանության փաստով, սակայն հերքում է կրակոցների մասին լուրերը։

Թե ինչ բնույթի տարաձայնություն է եղել և արդյոք այն առնչություն ունի գործարար շրջանակների միջև հարաբերություններին, իրավապահ մարմինների կողմից առայժմ հավելյալ մանրամասներ չեն հրապարակվել։

Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Meganews.am

 

Leave a comment