Նավթի գները կարող են գերազանցել մեկ բարելի դիմաց 100 դոլարը, եթե Հորմուզի նեղուցը ևս հինգ շաբաթ փակ մնա տանկերների համար։ Այսպիսի կանխատեսում են ներկայացրել Goldman Sachs Group Inc.-ի վերլուծաբանները։
Այս շաբաթ Brent տեսակի նավթի գինը հասել էր մեկ բարելի դիմաց ավելի քան 85 դոլարի՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների հնարավոր խափանումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով, այն բանից հետո, երբ շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի մի շարք երկրներին՝ մասնավորապես թիրախավորելով տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Հորմուզի նեղուցով տանկերների անցումը, որով անցնում է աշխարհի նավթի հոսքերի մոտ 20%-ը, փաստացի կանգ է առել Իրանի սպառնալիքների պատճառով։
Goldman-ի վերլուծաբանները բարձրացրել են նաև նավթի միջին գնի իրենց կանխատեսումները այս տարվա համար․ Brent տեսակի նավթի կանխատեսումը բարձրացվել է մինչև մեկ բարելի դիմաց 71 դոլար (նախկինում՝ 64 դոլար), իսկ WTI-ի համար՝ մինչև 67 դոլար (նախկինում՝ 60 դոլար)։
Նրանք նաև բարձրացրել են 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար Brent-ի գնի կանխատեսումը 10 դոլարով՝ մինչև մեկ բարելի դիմաց 76 դոլար՝ նշելով, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների սահմանափակումը կհանգեցնի ՏՀԶԿ երկրների նավթի պաշարների և Մերձավոր Արևելքի երկրների արդյունահանման կրճատմանը։
«Նավթի գների աճը կարող է լինել նույնիսկ ավելի մեծ, քան ենթադրում են մեր գնահատականները, քանի որ մատակարարումների երկարատև խափանումները կարող են երկարացնել արդյունահանման վերականգնման և դրա լիարժեք վերականգնման միջև ընկած ժամանակահատվածը», – նշվում է վերլուծական զեկույցում։