«Մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է ուրախություն, երջանկություն»․ Վարդան Ղուկասյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կոռուպցիոն գործով դատավարությունը, քննվեց նրա խափանման միջոցի հարցը։

Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել ընտրված խափանման միջոցը, այսինքն՝ կալանքը։ Դատավորը նշեց, որ թեև հաշվի է առնում Վարդան Ղուկասյանի տարիքը, անցած ուղին, բայց և այնպես այս գործով անցնում են մեկ տասնյակից ավելի անձինք, հետևաբար և այլ խափանման միջոցի դեպքում կա վտանգ նրանց վրա ներազդելու։

 

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որի խափանման միջոցը, այն է՝ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նա, ինչպես նաև Վարդան Ղուկասյանը մեղադրվում են գործարար Սևակ Գոմցյանից նրա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք պահանջելու մեջ։

Դատախազը մեկ անգամ ևս ընթերցեց մեղադրանքը, Վարդան Ղուկասյանը ձայն խնդրելով, ասաց՝ տեսնում է գործը շատ լավ կարում են, սակայն, ըստ նրա, «մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է երջանկություն, ուրախություն»։

Դատական նիստն ամբողջությամբ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment