Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները խնդիր ունեն տեղափոխվելու Հայաստան 

Գևորգ Թոսունյան

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Հայաստանի իշխանությունները հակամարտության գոտում մնացած ՀՀ քաղաքացիների տեղափոխման հարցում սահմանափակվել են միայն տեղեկատվության տրամադրմամբ և դեպի Օմանի մայրաքաղաք Մասկատ անվճար տեղափոխման հնարավորությամբ։

Մասկատ-Երևան չվերթներն իրականացնում է FlyOne Armenia ընկերությունը։ Այս չվերթի մեկ տոմսի գինը հասել 900-1100 եվրոյի՝ նախկին մոտ 400 եվրոյից։

FlyOne Armenia-ի ամենախոշոր բաժնետերերը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը (50% բաժնեմաս)։ 

Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում և սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիք է բարձրացել։ Քաղաքացիները պնդում են, որ պետությունը գործուն քայլեր չի ձեռնարկում իրենց տուն վերադարձնելու համար, իսկ իշխանական պատգամավորի հետ փոխկապակցված ընկերությունը սահմանել է չափազանց բարձր գներ։

«Մինչև վերջ փորձում են օգուտ քաղել այս իրավիճակից»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է ընտանիքի հետ Աբու Դաբիում մնացած Իզաբելլա Սարգսյանը։

FlyOne Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հարցերին հնարավոր է պատասխանել միայն էլեկտրոնային նամակագրությամբ։ Գրավոր հարցումն արդեն ուղարկված է։

FlyOne Armenia-ն թեև ազգային փոխադրող չէ, սակայն տարբեր հայտարարություններում իրեն ներկայացնում է որպես այդպիսին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 4-ին հայտարարել է, որ այն քաղաքացիները, որոնք ունեն կամ ձեռք կբերեն մարտի 5-ի Մասկատ-Երևան չվերթի տոմսեր, կարող են օգտվել դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված վերջին [ԱՄԷ-ից Օման] անվճար տեղափոխման հնարավորությունից։ Դեսպանության հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մարտի 5-ից այս աջակցությունը ևս կդադարեցվի։

The post Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները խնդիր ունեն տեղափոխվելու Հայաստան  appeared first on CIVILNET.

Leave a comment