Երևանում մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը․ բացման արարողության կոմպոզիտորը Անդրանիկ Բերբերյանն է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում հանդիսավորությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Բացման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ համադրելով լուսային, բեմադրական և ժամանակակից երաժշտական լուծումներ։

Բացման արարողության երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է։ Այն ստեղծված էր հայկական մշակույթի և մարզաձևի էության շուրջ՝ արտացոլելով կենտրոնացում, հաշվարկ, ճշգրտություն և ներքին լարում՝ միաժամանակ պահպանելով հայկական հանդիսավորության շունչը։ Նախագծի վրա աշխատել է նաև Berberyan Studiosի թիմը։ Գլխավոր հնչյունային ռեժիսոր Տիգրան Կուզիկյանը իրականացրել է հնչյունային ձևավորումն ու ձայնագրությունները։

Անդրանիկ Բերբերյանն ու ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը բեմադրության մեջ համադրել են հայկական ավանդական պարը ժամանակակից մոտեցումների հետ։ Արարողության ընթացքում արտերկրի հանդիսատեսը ունկնդրել է հայկական երաժշտական գործիքների տեմբրերն ու հնչերանգները՝ նորաոճ զգեստների և հայկական պարի բեմադրության ուղեկցությամբ։ Խորեոգրաֆիան հեղինակել է Հովհաննես Սարգսյանը։

Բացման շոուն մարդու ճանապարհի մասին է՝ լռությունից դեպի թիրախ։ Սա ներքին և արտաքին ընթացք է, որտեղ կենտրոնացումը, ընտրությունը և ժառանգությունը միաձուլվում են մեկ ուժի մեջ։ Ճշգրտությունը դառնում է արվեստ, ժամանակը՝ կենդանի հիշողություն, իսկ ինքնությունը՝ ուղղություն։ Վերջում տեսողությունն ու նպատակը միավորվում են մեկ կետում՝ թիրախում՝ որպես մարդու ներքին հստակության արտացոլում։

Միջոցառումը կազմակերպել է Background Productionը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 40 երկրների հարյուրավոր մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումները կանցկացվեն օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ կխաղարկվի 70 կոմպլեկտ մեդալ։

«Ինձ համար կարևոր էր, որ երաժշտությունը ոչ միայն ուղեկցի արարողությանը, այլև դառնա դրա գաղափարական առանցքը՝ միավորելով բեմադրության բոլոր տարրերը մեկ ամբողջության մեջ»,– նշել է կոմպոզիտորը։
 

Ավելի վաղ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է մի շարք մասշտաբային նախագծերի երաժշտություն։ 2022 թվականին՝ Expo 2020 Dubaiի շրջանակում Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը, 2023-ին՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը։ 2024 թվականին նա հեղինակել է European Bank for Reconstruction and Developmentի 33-րդ տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը, 2025-ին՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողության երաժշտությունը, ինչպես նաև «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության բացման արարողության երաժշտությունն ու գլխավոր թեման (ֆանֆարը)։

Վերջերս Բերբերյանը դարձել է Academy of Motion Picture Arts and Sciencesի անդամ, որն իրականացնում է քվեարկությունը Academy Awards մրցանակաբաշխության ընթացքում։

Leave a comment