Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան. «Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին:
Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան:
Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»:
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական
նվագախումբ-համույթի՝ /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ:
«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։
Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: