Ֆրանսիան իր «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղարկում է Միջերկրական ծով,որը կօգնի ապահովել ծովային երթևեկությունը, որը վտանգված է Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք ունենք տնտեսական շահեր, որոնք պետք է պաշտպանենք, քանի որ այս պատերազմը խորապես խաթարում է նավթի, գազի գները և միջազգային առևտրի իրավիճակը», – ասել է Մակրոնը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Նախագահ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան նաև ֆրեգատ (ռազմանավ) է ուղարկել Կիպրոս և անօդաչու թռչող սարքեր է խոցել Պարսից ծոցի իր դաշնակիցների երկնքում։
Մակրոնը նշել է որ Ֆրանսիան պաշտպանական պարտավորություններ ունի Քաթարի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ, որոնք հայտնվել են թիրախում։
Նախագահի խոսքով Իրանը կրում է իրավիճակի հիմնական պատասխանատվությունը, սակայն միևնույն ժամանակ նա քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ նշելով, որ դրանք իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը Ֆրանսիան չի կարող հավանության արժանացնել։
Զուգահեռաբար իրականացվում է Ֆրանսիայի քաղաքացիների տարհանումը տարածաշրջանից և ուժեղացվել է անվտանգությունը երկրի ներսում գտնվող կարևոր օբյեկտներում։
The post Ֆրանսիան ավիակիր է ուղարկում Միջերկրական ծով․ Մակրոն appeared first on CIVILNET.