Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի «միակողմանի» հարձակումները Իրանում պետք է քննարկվեին հենց այս նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է ՄԱԿ-ը, գրում է Middle East Eye-ը։

«Բոլորը կարող էին ստանձնել իրենց պատասխանատվությունը, քանի որ միայն [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումն անհրաժեշտ օրինականություն ձեռք բերել»,- լրագրողներին ասել է Բարոն։

Նա հավելել է, որ այս փուլում ֆրանսիացի զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Բարոն կոչ է արել «պաշտպանել Լիբանանը տարածաշրջանային էսկալացիայից»՝ շաբաթավերջին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո։

«Լիբանանը պետք է խուսափի տարածաշրջանային էսկալացիայից։ Ֆրանսիան կշարունակի պաշտպանել Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և մենք նրանց հետ կկազմակերպենք համաժողով՝ տարածաշրջանում ռազմական ուժերի հարցը քննարկելու համար»,- ասել է Բարոն։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Ֆրանսիան «պատրաստ է», անհրաժեշտության դեպքում, Իրանից պաշտպանել Պարսից ծոցի երկրներին և Հորդանանին։

«Դաշնակից երկրներին, որոնք դիտավորյալ թիրախավորվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ու ներքաշվել իրենց չընտրած պատերազմի մեջ՝ Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Իրաքին, Բահրեյնին, Քուվեյթին, Օմանին և Հորդանանին, Ֆրանսիան հայտնում է իր լիակատար աջակցությունը և համերաշխությունը։ Պատրաստ ենք մասնակցել նրանց պաշտպանությանը»,- ասել է Բարոն։

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կիրակի հայտարարել էին, որ պատրաստ են պաշտպանել իրենց և Պարսից ծոցում իրենց դաշնակիցների շահերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment