Իրանական Կարմիր մահիկը հայտնել է Իրանում 555 զոհի մասին

Քաղաքականություն

02.03.2026 | 13:49

Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանում մինչ օրս զոհվել է 555 մարդ, գրում է France 24-ը։

«Մեր երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական հարձակումներից հետո մինչ օրս տուժել է 131 քաղաք, ցավոք, մեր 555 հայրենակիցներ զոհվել են»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Իրանի հարավային Ֆարս նահանգում երկու օր առաջ սկսված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, 35 մարդ է զոհվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Հաշվի առնելով այսօր առավոտյան թշնամու օդային հարվածների շարունակականությունը, այս թիվը կարող է աճել»,- ասել է նահանգի պետական ​​«Նահատակների հիմնադրամի» ղեկավար Էբրահիմ Բայանին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի կառավարությանը Թել Ավիվում, ինչպես նաև Հայֆայի անվտանգության և ռազմական կենտրոնների, Արևելյան Երուսաղեմի ուղղությամբ։

«Հարվածների տասներորդ ալիքի թիրախների թվում էին Թել Ավիվում կառավարական համալիրը, Հայֆայում ռազմական և անվտանգության կենտրոնները և Արևելյան Երուսաղեմը»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են «Խեյբար» բալիստիկ հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment