Մահախոսական – Այաթոլլա Ալի Խամենեի՝ 1939–2026

Հոդվածը հրապարակվել է Financial Times-ում՝ թերթի Թեհրանի թղթակցի Նաջմեհ Բոզորգմեհրի կողմից (Najmeh Bozorgmehr):

1989-ին, երբ բարձրաստիճան հոգևորականները առաջադրեցին Ալի Խամենեիի թեկնածությունը՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինելու այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիին, նա պնդեց, թե բավարար որակավորում չունի։

Խամենեին, որը մեռավ 86 տարեկանում՝ շաբաթ օրը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներից հետո, Փորձագետների ժողովի հոգևորականներին ասել էր, որ «իսլամական հասարակության համար իսկապես ողբալի է», եթե ինքն ընդհանրապես դիտարկվում է այդ պաշտոնի համար։

Այնուամենայնիվ, հետագայում Խամենեին դարձավ Իրանի ժամանակակից պատմության ամենաերկար կառավարած առաջնորդներից մեկը։ Նրա սկզբնական համեստությունը հետագայում փոխարինվեց իշխանությունը զիջելու դժկամությամբ և այն պահպանելու համար կոշտ գծի կողմնակիցների վրա հենվելով։

Նրա 37 տարվա իշխանության գլխավոր առանձնահատկություններից մեկը Իրանի արտաքին քաղաքականությունն էր, որը կառուցված էր Միացյալ Նահանգների և Իսրայելի նկատմամբ թշնամանքի վրա։ Այդ թշնամանքը հասել էր այնպիսի ինտենսիվության, որ բարեփոխական մի քաղաքական գործիչ այն բնութագրում էին որպես վարչակարգի «հիմնական ինքնություն»։

«Թշնամու» վերաբերյալ նրա ընկալումը մասամբ ձևավորվել էր 1980-ականներին Իրանի և Իրաքի միջև պատերազմի ընթացքում, երբ Իրաքը աջակցություն էր ստանում Արևմուտքից և Պարսից ծոցի պետություններից։ Այդ տարիներին Խամենեին զինվորական համազգեստով հայտնվում էր ռազմաճակատի առաջնագծում։ Իշխանությունը Թեհրանում ստանձնելուց հետո նա խնամքով ձևավորեց տարածաշրջանային դաշնակիցների ցանց՝ ուժեղացնելով զինված խմբավորումները, շահարկելով հակամարտությունները և ապակայունացնելով տարածաշրջանը՝ Իրանի դեմ հնարավոր արտաքին ագրեսիան զսպելու նպատակով։ Նա հրապարակավ պարծենում էր Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի, Իրաքի և Եմենի զինված խմբավորումներին տրամադրված ֆինանսական և ռազմական աջակցությամբ։

Աջ կողմում կանգնած Խամենեին այցելում է զորքերին ռազմաճակատի առաջնագծում՝ իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում © IRNA/AFP/Getty Images

Քանի դեռ նա վարում էր իր կոշտ գծի քաղաքականությունը, միջազգային մտահոգությունները խորանում էին Իրանի միջուկային ծրագրի և այն վտանգի շուրջ, որ երկիրը կարող է միջուկային զենք մշակել՝ իր բալիստիկ հրթիռների հետ համատեղ։ Խամենեին, իր իսկ ձևակերպմամբ, դրսևորեց «հերոսական ճկունություն»՝ համաձայնելով 2015-ին Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրին՝ գրեթե ամբողջությամբ սահմանափակելով «խաղաղ» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների թուլացման դիմաց։

2018-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից՝ չնայած Իրանի կողմից դրա պայմանների պահպանմանը, և պատճառաբանեց դա Թեհրանի կողմից «ահաբեկչության» ֆինանսավորմամբ, Խամենեին դրանում տեսավ իր վաղուց ձևավորված համոզմունքի հաստատումը, որ ԱՄՆ-ն վստահելի չէ։ «ԱՄՆ-ի խնդիրը միջուկային ծրագիրը կամ հրթիռները չեն,- ասաց նա այն ժամանակ։- Նրանք պարզապես ուզում են խաթարել մեր ուժային հիմքը»։

Դրան հաջորդեցին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք ծանր հարված հասցրին իրանցիների առօրյային՝ երկիրը զրկելով նավթադոլարներից և միջազգային ֆինանսական համակարգին հասանելիությունից։

Խամենեին երկրի տնտեսական ձախողումների համար հիմնականում մեղադրում էր Իրանի նախագահներին, որոնք ընտրվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Նա պնդում էր, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ինքնաբավության խթանմանը՝ թեև հենց ինքը վերջնական որոշումներ էր ընդունում առանցքային բոլոր քաղաքականությունների վերաբերյալ։ Նրա հարազատներից մեկն ասել է. «Նա միշտ դեմ էր երկրում օտարերկրյա ներդրումների ներհոսքին՝ վախենալով արտաքին ազդեցությունից»։

Մյուս հարազատը պատմել է. «Նա ինձ ասել էր․ «Ես չեմ ուզում, որ Իրանը դառնա մեկ այլ Մալայզիա։ Ես պարզապես ուզում եմ մի մոդել, որտեղ ոչ մի իրանցի սոված չէ»»։

Սակայն ցածր տնտեսական աճը և բարձր գնաճը, ինչպես նաև քաղաքական և սոցիալական ճնշումները, խթանում էին դժգոհությունը և շատերին մղում աղքատության շեմից ներքև։ Նրա մահվան պահին երկրի 90 միլիոն բնակչության առնվազն մեկ երրորդը աղքատության մեջ է, ինչն ընդունում են նաև պաշտոնյաները։

Նրա կառավարման տարիներին խոր անդունդ է ձևավորվել վարչակարգի և հասարակության միջև, և նա գնալով մարմնավորում էր ծերացող կրոնապետությունը, որը հասարակության աչքում կտրված էր իրականությունից, համառ և էական փոփոխություններին դիմադրող։ Արդյունքում բողոքի ալիքները դարձան ավելի հաճախակի և ավելի բռնի, իսկ Խամենեին անձամբ վերածվեց դրանց գլխավոր թիրախի։

Վարչակարգի դեմ բողոքները 2009-ին, 2017-ին, 2019-ին, 2022-ին և 2026-ին խլեցին հազարավոր կյանքեր և ուղեկցվում էին «Մահ Խամենեիին» կոչերով, ընդ որում յուրաքանչյուր նոր ալիք ավելի էր խարխլում նրա իշխանության լեգիտիմությունը։

Հունվարին համազգային բողոքները ցնցեցին երկիրը © Middle East Images/AFP/Getty Images

2026-ի սկզբին, փորձելով արդարացնել Իրանի պատմության մեջ ամենարյունալի ճնշումներից մեկը, երբ անվտանգության ուժերը սպանեցին հազարավոր ցուցարարների, նա հիշեց երկրի անցյալը՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր «ամենաազնիվ մարդիկ» իրենց կյանքը տվել են՝ վարչակարգի գոյատևումն ապահովելու համար։

Այնուամենայնիվ, 2020-ականների սկզբից Խամենեիի հովանու ներքո իրեն Մերձավոր Արևելքում կարևոր ուժ համարող երկիրը աստիճանաբար կորցնում էր տարածաշրջանային ազդեցությունը, քանի որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը սրվում էր։

2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը տարածաշրջանում հակամարտությունների սրման պատճառ դարձավ, և Իսրայելը պատասխան հարվածներ հասցրեց ոչ միայն Գազայում, այլև Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ՝ սպանելով այնպիսի մերձավոր գործակիցների, ինչպիսին էր Լիբանանում Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան, որին Խամենեին որդու պես էր վերաբերվում։

Այնուամենայնիվ, Խամենեին հրաժարվեց փոխել Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ թշնամանքի վրա հիմնված Իրանի առանցքային քաղաքականությունը։ 1980-ականներին Իրանը ստիպված էր ուրիշներից հրթիռներ խնդրել՝ Իրաքի դեմ պատերազմելու համար, մինչդեռ այժմ արտադրում էր սեփական հեռահար հրթիռները, որոնք օգտագործեց Իսրայելի դեմ 2025-ի հունիսին՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո, ինչպես նաև իր մահվանից հետո իրականացված պատասխան հարվածների ժամանակ՝ թիրախավորելով Իսրայելը և տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները։

2025-ի հունիսին Իսրայելի Բեեր Շևա քաղաքում Իրանի մահաբեր հարվածի հետևանքները © Amir Levy/Getty Images

Իսլամական Հանրապետության գոյատևումը նրա համար մնում էր գերակա առաջնահերթություն։ Իր նախորդից նրան առանձնացնող քայլով նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերածեց երկրի ամենահզոր կառույցի՝ ռազմական, քաղաքական և տնտեսական առումներով։ Դա թուլացրեց իրանական հասարակության ավանդական հենասյուները՝ հոգևորականությանը և բիզնես համայնքին, որի մարմնավորումն էր բազարը, և որոնք 1979-ին աջակցել էին Խոմեյնիին շահի դեմ հաղթանակում։

Նրա մահվան պահին նրա հիմնական հենարանը Պահապանների կորպուսն էր, մինչդեռ բազմաթիվ սոցիալական և քաղաքական խմբեր օտարվել էին, իսկ տնտեսությունը փաստացի կործանված է՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը նրա առանցքային քաղաքականությունների վրա ծախսել էր հարյուրավոր միլիարդավոր դոլարներ։

Արևմտյան մի դիվանագետ նշել է, որ Խամենեին ղեկավարում էր քաղաքական մի համակարգ, որը կառուցված էր առևտրի, ոչ թե ներդրումների վրա։ «Նրանք «խուրդեցին» երկրի հարստությունը»,- ասել է դիվանագետը։

Ալի Խամենեին ծնվել է 1939-ի ապրիլի 19-ին՝ Իրանի հյուսիսարևելյան սրբազան Մաշհադ քաղաքում։

Նա մեծացել է հարգված, բայց աղքատ հոգևորական ընտանիքում։ Ինքը պատմում էր, որ ապրել են «պարզ» կյանքով՝ բանվորական թաղամասում՝ կիսելով մեկ սենյակ և խոնավ նկուղ, և ունեցել են գիշերներ, երբ «ուտելու ոչինչ չկար»։

19 տարեկանում նա ընդունվել է Ղոմի հոգևոր ճեմարան, ուսանել բարձրաստիճան հոգևորականների մոտ, այդ թվում՝ Խոմեյնիի։ 25 տարեկանում վերադարձել է Մաշհադ և սկսել հավաքներ կազմակերպել, որտեղ Ղուրանի հղումներով հիմնավորում էր քաղաքական իսլամը։ Շահի դեմ և Խոմեյնիի օգտին նրա ելույթները առնվազն ինը անգամ հանգեցրել են կալանքի և երկրի ներսում աքսորի՝ սոցիալապես հետամնաց շրջաններ։ Այնտեղ նա փորձել է օգնել աղքատներին և բնական աղետների զոհերին՝ նվիրատվություններ հավաքելով։

Խամենեին աստիճանաբար ձեռք բերեց ավանգարդ հոգևորականի համբավ՝ կոտրելով տաբուներ։ Նա հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության և ժամանակակից պարսկական պոեզիայի նկատմամբ, վարում էր Volkswagen և ծխում էր մուշտուկով։

Երկրորդ հարազատի խոսքով՝ մինչև կյանքի վերջը նա պահպանում էր արվեստի և մշակույթի նկատմամբ խոր հետաքրքրությունը։ Նա կարդում էր ինչպես օտար, այնպես էլ իրանցի հեղինակների վեպեր և պատմական աշխատություններ, դիտում արտասահմանյան ֆիլմեր։ Նրա ինտելեկտը հարգանք էր առաջացնում նույնիսկ ընդդիմախոսների շրջանում, որոնք ընդունում էին, որ նա կրթված, գիտակ և ընթերցասեր մարդ էր։ Սակայն քննադատները ցավով նշում էին նրա կոշտությունը, երբ նա այլ իրանցիներին չէր թույլ տալիս կատարել իրենց մշակութային ընտրությունները։

«Հեղափոխությունից առաջ Խամենեին Մաշհադում հայտնի էր որպես ժամանակակից՝ կրոնական ինտելեկտուալիզմի հակում ունեցող հեղափոխական,- ասել է նույն քաղաքից հոգևորական և նախկին փոխնախագահ Մոհամմադ Ալի Աբթահին։- Սակայն հեղափոխությունից հետո նա կանգնեց ավելի պահպանողական, ավանդական ուժերի կողքին և հեռացավ չափավոր գործիչներից»։

Արտաքին որոշ դիտորդներ նրան քաղաքականապես նույնիսկ ավելի կոշտ էին համարում, քան իր նախորդ Խոմեյնիին։ Թեհրանում արևմտյան մի դիվանագետ նշել է, որ եթե Խոմեյնին 1980-ականների պատերազմն ավարտելու համար Սադամ Հուսեյնի Իրաքի հետ զինադադարի համաձայնագիրը ստորագրելիս խոստովանել էր «թույնի բաժակից խմելու» անհրաժեշտությունը, ապա Խամենեիի ղեկավարության ընթացքում որևէ նշան չէր երևում, որ նա պատրաստ է որևէ այլ նպատակի, բացի բացարձակ «հաղթանակից»։

Խամենեին առաջ էր քաշում «իսլամական կենսակերպի» գաղափարը՝ խրախուսելով վաղ ամուսնությունները, բազմազավակ ընտանիքները և կանանց համար պարտադիր գլխաշորը։ Սակայն 2022-ի «Կին, կյանք, ազատություն» շարժումից հետո ստեղծված ճնշումների պայմաններում նա չկանգնեցրեց նախագահ Մասուդ Փեզեշքիանին, երբ վերջինս հրաժարվեց փողոցներում պարտադիր հիջաբի կիրառումը պարտադրել։

Խամենեիի կողմից խրախուսվող «իսլամական կենսակերպը» վերաբերում էր վաղ ամուսնություններին, բազմազավակ ընտանիքներին և կանանց համար պարտադիր գլխաշորին © UGC/AFP/Getty Images

1979-ի հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ, Երբ Խամենեին տեղափոխվեց Թեհրան, նա մնում էր այլ ազդեցիկ հոգևորականների ստվերում, այդ թվում՝ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, որը ևս նախկին նախագահ էր և հեղափոխության հենասյուներից մեկը։

Տաղանդավոր հռետոր և խորամանկ քաղաքական գործիչ Խամենեին շահեց Խոմեյնիի վստահությունը, որը նրան բնութագրում էր որպես «եզակի մի դեմք, որն արևի պես լույս է ճառագում»։

Պաշտպանության փոխնախարարի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ժամանակավոր ղեկավարի և խորհրդարանի պատգամավորի պաշտոններում ծառայելուց հետո նա 1981-ին ընտրվեց նախագահ՝ ընդդիմադիր «Մոջահեդին-է Խալք» կազմակերպության կողմից իրականացված մահափորձից ընդամենը երեք ամիս անց, որը անդամալույծ էր արել նրա աջ ձեռքը։

Գերագույն առաջնորդի պաշտոնում նրա առաջին լուրջ փորձությունը եղավ 1997-ին, երբ բարեփոխական հոգևորական Մոհամմադ Խաթամին հաղթեց նախագահական ընտրություններում՝ խոստանալով քաղաքական բարեփոխումներ և արտաքին հարաբերությունների բարելավում։

Խաթամիի, որ պաշտոնավարել էր մինչև 2005-ը, և գերագույն առաջնորդ Խամենեիի միջև լարվածությունը սրեց պայքարը վարչակարգի ներսում։ Վերջիվերջո հաղթեցին կոշտ գծի ներկայացուցիչները, և սկսվեց բարեփոխականների ճնշումը, այդ թվում՝ նրանց արգելվեց առաջադրվել ազգային պաշտոնների համար։

Այնուհետև կոշտ գծի ուժերը աջակցեցին Մահմուդ Ահմադինեժադին, սակայն այդ քայլը հետադարձ հարված դարձավ Խամենեիի համար, երբ Ահմադինեժադը դուրս եկավ նրա դեմ և պահանջեց ավելի մեծ լիազորություններ։ Ահմադինեժադին հաջորդեց կենտրոնամետ Հասան Ռոհանին, որը առաջ մղեց միջուկային համաձայնագիրը և փորձեց մեղմել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ էլ ավելի խորացնելով հակասություններն իրանական էլիտայի ներսում ։

Կոշտ գծի նախագահ Էբրահիմ Ռաիսին, որը դիտվում էր որպես Խամենեիի հավանական ժառանգ, մահացավ 2024-ին ուղղաթիռի կործանման հետևանքով՝ մինչև այժմ չպարզված հանգամանքներում։ Խամենեիի օրոք բարեփոխական վերջին նախագահը Մասուդ Փեզեշքիանն էր։

Խամենեին երբեք հրապարակավ չանդրադարձավ իր իրավահաջորդության հարցին և հստակ ժառանգ չպատրաստեց։ Փոխարենը նրա վարչակարգը պարզապես մեկուսացնում էր ընդդիմախոսներին։ Անորոշ է՝ արդյոք այն Պահապանների կորպուսը, որի վրա նա հենվում էր, կփորձի պահպանել նրա ժառանգությունը, թե կընտրի այլ ուղի։

Խամենեիից հետո մնացել են նրա կինը, հոգևորական չորս որդիները, մեկ դուստրը և առնվազն տասնյակ թոռներ։

The post Մահախոսական – Այաթոլլա Ալի Խամենեի՝ 1939–2026 appeared first on CIVILNET.

Leave a comment