Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից իր նստավայրում սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Բրիտանական The Economist հանդեսը գրում է, որ Խամենեիի մահից հետո Իրանում իշխանությունը կախված է օդում։
Մահացու հարվածը Ամերիկայի և Իրանի կրոնապետական ռեժիմի միջև մոտ կեսդարյա թշնամության արյունալի գագաթնակետն է։ Տասնամյակներ շարունակ Իսլամական Հանրապետության հետևորդները վանկարկում էին «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Այժմ մահն այցելել է նրանց առաջնորդին և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների։ Առերևույթ սա նշանակալի հաջողություն է Թրամփի համար, որը երկար տարիներ արձանագրում էր ռեժիմի ագրեսիան Ամերիկայի դեմ և տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը։ Նա կարող է մահացու հարված հասցրած լինել Իրանի կրոնապետությանը։ Հարցն այն է՝ ինչ կլինի հետո։
Սահմանադրության համաձայն՝ նախագահից, գլխավոր դատավորից և ավագ հոգևորականից բաղկացած ղեկավար խորհուրդը պետք է վերահսկի անցումային շրջանը՝ մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։ Անհասկանալի է՝ արդյոք նրանք բոլորը վերապրել են հարձակումները։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում էին, որ Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, կարող էր ստանձնել իշխանությունը, սակայն կան հաղորդումներ, որ նա նույնպես սպանվել է։ Գոյատևած ռեժիմը կարող է նշանակել հոգևորական իրավահաջորդ կամ գուցե նրանցից կազմված կոմիտե։ Սակայն իրական իշխանությունը ենթադրաբար վաղուց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ձեռքում է։ Խնդիրն այն է, որ նրա բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ նույնպես վերացված են։ Իսրայելի տվյալներով՝ սպանվածների թվում են Ալի Շամխանին՝ ԻՀՊԿ-ի վետերան և Խամենեիի ավագ խորհրդականը, ինչպես նաև կորպուսի հրամանատար Մոհամմադ Պաքփուրը։
Այդուհանդերձ, համակարգը կարող է պահպանվել։ «Սա միապետություն չէ, որտեղ շահը հեռանում է, և դուք պարզապես վերացնում եք բոլոր արական ժառանգներին»,- նշում է Վաշինգտոնի Quincy Institute for Responsible Statecraft վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Տրիտա Փարսին։ «Սա համակարգ է՝ ոչ այնքան ժողովրդականություն ունեցող համակարգ, բայց, այնուամենայնիվ, անվտանգության ապարատով, որը կախված չէ մեկ անձից կամ մեկ ընտանիքից»։ Վարչակարգը կարող էր հետաձգել Խամենեիի մահվան պաշտոնական հաստատումը՝ իրավահաջորդության հարցը լուծելու համար։ Նոր ղեկավարության հայտարարումը՝ առանց առնվազն ամերիկյան լուռ համաձայնության, կնշանակեր անմիջապես հայտնվել թիրախում։
Շատերը մտահոգված են անկայունությամբ մի հասարակությունում, որը տարիներ շարունակ հյուծվել է պատժամիջոցներից և վատ կառավարումից։ Ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող Իրանը բազմազգ և փխրուն պետություն է։ Արաբներ, քրդեր, ադրբեջանցիներ և բալուչներ տարբեր աստիճանի ինքնավարության ձգտումներ ունեն, եթե իշխանական վակուում առաջանա։ Հարվածներից օրեր առաջ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, ըստ հաղորդումների, այցելել է Իրաքյան Քուրդիստան և իրանցի քրդերին հորդորել պատրաստվել ապստամբության։ Տարածաշրջանում դեռ թարմ են հիշողությունները այն բռնի քաոսի մասին, որը հետևեց Իրաքում Սադամ Հուսեյնի տապալմանը 2003-ին և Մուամար Քադաֆիի տապալմանը Լիբիայում 2011-ին։
Թրամփը կարող է հուսալ «վենեսուելական» սցենարի մասին, երբ Ամերիկան հեռացնում է ռեժիմի ղեկավարին և մնացորդների հետ բանակցում է անցումային գործընթացի շուրջ՝ ամերիկյան շահերին ավելի համահունչ համակարգի ձևավորման համար։ Նա հայտարարել է, որ կան իշխանությունը ստանձնելու մի քանի «լավ թեկնածուներ», սակայն անուններ չի նշել։
Ենթադրվում է, որ վարչակարգի որոշ վետերաններ ողջ են մնացել, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և նրա նախորդ Ալի Լարիջանին։ Սակայն երկուսն էլ խորապես կապված են վարչակարգի պատմության հետ և դժվար թե կարողանան աջակցություն ստանալ նրա նեղացող հենարանից դուրս։ Ավելի հավանական թեկնածու կարող է լինել Հասան Ռոհանին, որը երկու անգամ ընտրվել է նախագահ և 2015-ին միջուկային համաձայնագիր է բանակցել՝ Արևմուտքի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով։
Եթե Ամերիկան և Իսրայելը ընտրեն ավելի խորքային վերացում, նրանք կարող են աջակցել ավելի քիչ հայտնի հրամանատարի կամ փորձել իշխանության բերել վերջին շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին։ Արքայազնը բարձրաձայն աջակցություն է վայելում Իսրայելում։ Սակայն Թրամփը քիչ ոգևորություն է ցուցաբերել միապետության վերականգնման հարցում։
Թրամփի համար վտանգն այն է, որ նա կարող է խրվել անորոշ ռազմական արշավի մեջ՝ նպատակ ունենալով զսպել թուլացած, բայց դեռևս գործող և թշնամական ռեժիմը։ Սա հենց այն տեսակի բաց ավարտ ունեցող հակամարտությունն է Մերձավոր Արևելքում, որը նա երկար ժամանակ քննադատել է։ Թեհրանում որոշ մարդկանց կողմից Խամենեիի մահվան առիթով ուրախության տեսանյութերի տարածմանը զուգահեռ՝ քիչ նշաններ կան, որ իրանցիները արձագանքում են փողոց դուրս գալու մասին նրա կոչին։
Իրանի զինված ուժերը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել Իսրայելի և ամերիկյան ուժեր հյուրընկալող արաբական պետությունների ուղղությամբ, ինչպես նաև հայտարարել են Հորմուզի նեղուցի փակման մասին, որով անցնում է աշխարհի ծովային նավթային արտահանման մոտ մեկ երրորդը։ Տանկերներն արդեն փոխում են իրենց երթուղիները։
Անցած տարվա հունիսին Թրամփը Իսրայելի ռմբակոծություններին միացել էր միայն վերջում՝ ուղարկելով B-2 ռմբակոծիչներ՝ ուրանի հարստացման օբյեկտները վնասազերծելու, հրադադար պարտադրելու և դիվանագիտական լծակ ձեռք բերելու նպատակով։ Երբ Իսրայելը շարունակում էր հարվածները, նա դժգոհեց, որ կողմերը «այնքան երկար ու այդքան ուժեղ են կռվում, որ այլևս չգիտեն՝ ինչ են անում»։ Այս անգամ Ամերիկան սկզբից միացել է Իսրայելին՝ վճռականորեն նպատակ ունենալով տապալել կրոնապետական վարչակարգը։ Թրամփը հայտարարել է, որ ռմբակոծությունները կշարունակվեն «այնքան, որքան անհրաժեշտ է՝ հասնելու մեր նպատակին՝ «խաղաղություն Մերձավոր Արևելքում և իրականում՝ աշխարհում»։ Եթե այս խաղադրույքը ձախողվի, Թրամփը առաջին նախագահը չի լինի, որի փառահեղ վաղ հաղթանակը կկորչի Մերձավոր Արևելքի ավազների մեջ։
The post Ինչ կարող է լինել Իրանում Խամենեիից հետո. The Economist-ի անդրադարձը appeared first on CIVILNET.