Յուրաքանչյուր մարդ իր որոշումների համար է պատասխանատու, իսկ պետության ղեկավարը` մի ողջ պետության ու ժողովրդի: Եթե բիզնեսդ ձախողվում է, կյանքդ սխալ հունով է գնում` ինքդ ես մեղավոր, իսկ եթե պետությունն է փորձանքի մեջ հայտնվում` պետության ղեկավարինն է մեղքը: Ընդ որում, դա պատասխանատվություն է ոչ միայն քո ժամանակակիցների, այլև սերունդների առաջ: Ուստի պետք է տասը չափես, մեկ կտրես, հաշվես յուրաքանչյուր քայլիդ հետևանքները:
Պետություն ղեկավարելը ոչ թե նարդի, այլ շախմատ խաղալու է նման` պետք է մի քանի քայլ առաջ նայես: Ու միշտ հիշես` ճիշտ քայլես, օգտակար բան անես, թե չարիք գործես` Աստված դեմդ է բերելու. այսօր, վաղը, կամ մի տարի հետո…բումերանգի օրենքն էլ անվրեպ է գործում:
Երբ եկածդ օրվանից պառակտում ու թշնամանք ես սերմանում, ատելություն տարածում նախկինների ու ոչ յուրայինների նկատմամբ` այն հույսով, որ այդ գործիքը քո դեմ երբևէ շուռ չի գալու, ուրեմն առնվազն տրամաբանությունից զուրկ ես:
Երբ քեզ թվում է` կհրաժարվես ազգային արժեքներից ու ավանդույթներից, կջնջես Մեսրոպ Մաշտոցին, Արարատ սարը, Արևմտյան Հայաստանը, Արցախը: Դասագրքերից կհանես հայ հեղինակներին, ցեղասպանության թանգարան չես այցելի ու ճանաչում չես պահանջի, լկտիացած թուրքին չես սաստի և մեր թշնամիները կգնահատեն քո ապազգային ջանքերը, ուրեմն դու պատմություն չգիտես և առնվազն հիմար ես:
Եթե կարծում ես, որ առևտուր կանես, ճանապարհ կտաս թշնամուդ, աչք կփակես քո հողում նստած օտար զորքի վրա, սահմանների զատում կանես` թշնամու հրահանգով, հողեր կհանձնես քո երկրի վրա աչք ունեցող քոչվորներին և իրենք կթողնեն, որ տակը մնացածի վրա թագավոր աշխատես, ուրեմն անմեղսունակ ես…
8 տարում քարը քարի վրա չթողեցին` պետական կառավարման համակարգը ոնց ուզեցին ձևեցին, իրենց շահերից բխող օրապակաս ու վնասակար օրենքներ ընդունեցին: Գիտությունների ակադեմիա ու դպրոցներ փակեցին: Մինսկի խմբի տապանաքարը դրեցին: Ամբողջական համակարգեր «զտեցին»` յուրային տգետներին, ստրուկներին նշանակելով: Եկեղեցու դեմ արշավեցին ու սրբազաններ կալանավորեցին: Քննչականն ու ԱԱԾ-ն դարձրին գրպանի թաշկինակ…
Թվում էր` գոնե մի ինստիտուտ կա, որը հարգում է երկրի առաջին դեմքը` ընտանիքի ինստիտուտը, («Հրապարակին» էլ դատի էր տալիս, որ ապացուցի իր հավատարմությունն ընտանիքին) պարզվեց` դա էլ է փուչիկ ու խաբկանք…Երբ արժեքները փլվում են, ոչինչ հնարավոր չի լինում փրկել…
Զրո արժեքներ, զրո հայկականություն, զրո բարոյականություն ու պարկեշտություն…
ՀԳ Ինչպես հանրային պայքարն իր արդյունքը տվեց և Մեսրոպ Մաշտոցը վերադարձվեց 2026-27 ուստարվա Այբբենարան, այնպես էլ մյուս բոլոր հարցերում հետ ենք վերադարձնելու նախկին վիճակը` հային արժանի ու հայկական պետություն ենք ունենալու: