Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ ռազմական հարձակում են իրականացրել Իրանի վրա, ինչի հետևանքով Թեհրանում լսվել և տեսանելի են եղել բազմաթիվ պայթյուններ։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարձակումը կրում է կանխարգելիչ բնույթ՝ նպատակ ունենալով վերացնել Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի հրթիռներ հարվածել են Թեհրանի Համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին:
Tasnim գործակալությունը հայտնել է պայթյունների մասին քաղաքի հյուսիսային Սեյյեդ Խանդան շրջանում։
Associated Press-ի տվյալներով՝ հարվածներից մեկը տեղի է ունեցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրի մոտակայքում։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը Al Jazeera-ին հաստատել է, որ սա համատեղ գործողություն է, որի համար տարածաշրջանում կենտրոնացվել է կործանիչների և ռազմական նավերի զգալի համակարգ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի վրա միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։
Իսրայելում հնչել են տագնապի ազդանշաններ, զինվորականները հանրությանը նախապատրաստել են հնարավոր պատասխան հրթիռակոծության, իսկ օդանավակայանների վարչությունը փակել է օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։
Զուգահեռաբար Կատարում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է իր անձնակազմին և քաղաքացիներին պատսպարվել ապահով վայրերում մինչև հետագա ծանուցումը։
The post ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, պայթյուններ են եղել Թեհրանում appeared first on CIVILNET.