Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 

Քաղաքականություն

27.02.2026 | 22:47

Ադրբեջանի մախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երեխաներին թվային միջավայրում վնասակար բովանդակությունից և բացասական ազդեցություններից պաշտպանելու միջոցառումների մասին:

Փաստաթղթի համաձայն Նախարարների կաբինետին հանձնարարվում է երեք ամսվա ընթացքում պատրաստել և Ադրբեջանի  նախագահին ներկայացնել երեխաների պաշտպանությունը երկրի սոցիալական ցանցերում վնասակար բովանդակությունից և բացասական ազդեցություններից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում գրանցման համար տարիքային սահմանափակումների ներմուծումը ապահովող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր։ Աշխատանքներում պետք է ներգրավվեն համապատասխան պետական ​​​​մարմինների (կառույցների), գիտական ​​​​հաստատությունների և կազմակերպությունների, մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝  Նախարարների կաբինետին նաև հանձնարարվել է ապահովել նախադպրոցական խմբերում և հանրակրթական հաստատություններում բջջային և էլեկտրոնային սարքերի օգտագործման կանոնների սահմանման և ներդրման միջոցառումներ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական ծրագրերում, այդ թվում՝ բովանդակային չափորոշիչներում թվային գրագիտությունը, կիբերանվտանգությունը և պատասխանատու առցանց վարքագիծը ներառելու համար, ինչպես նաև մշակել և իրականացնել լրատվամիջոցներում ծնողների, ուսուցիչների և երեխաների համար կրթական ծրագրեր։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment