ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ

Փետրվարի 27-ի ցերեկը  Ռուսաստանի առնվազն 11 շրջաններում հրթիռային վտանգի ռեժիմ  է հայտարարվել։ Պենզայի, Սվերդլովսկի, Օրենբուրգի, Սամարայի և Սարատովի մարզերի, Չուվաշիայի, Ուդմուրտիայի, Թաթարստանի և Բաշկորտոստանի հանրապետությունների, ինչպես նաև Պերմի երկրամասի իշխանությունները նախազգուշացրել են հնարավոր հարձակման մասին։

Ռոստովի մարզի իշխանությունները նույնպես հայտնել են հրթիռային հարձակման մասին: Տագանրոգում Ցիոլկովսկի փողոցի բազմաբնակարան շենքի պատշգամբը մասամբ փլուզվել է հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով: Վիրավորների մասին տեղեկություններ չկան, գրում է Meduza-ն։

Չուվաշիայի կառավարությունը հայտարարել է, որ իրենց տարածքում երկու հրթիռներից մեկը խփվել է, իսկ երկրորդը «փոխել է ուղղությունը և թռել դեպի հարևան հանրապետություն»։ Անվտանգության ուժերի հետ սերտորեն կապված Shot տելեգրամ ալիքը պնդում է, որ Չուվաշիայի վրա խոցվել են երկու ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ։

Լայնածավալ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հրթիռային վտանգ է հայտարարվել Պերմի երկրամասում, Սվերդլովսկի մարզում և Թաթարստանում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշ ժամանակ անց հայտարարել է, որ հրթիռային  վտանգի  ռեժիմը հանվել է Պենզայի, Սամարայի, Սարատովի և Օրենբուրգի մարզերում, ինչպես նաև Չուվաշիայի, Ուդմուրտիայի, Թաթարստանի և Բաշկորտոստանի հանրապետություններում, նաև Պերմի երկրամասում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 21-ի գիշերը ուկրաինական զորքերը «Ֆլամինգո» հրթիռներով հարված են  հասցրել  Ուդմուրտիայի Վոտկինսկի գործարանին, որտեղ արտադրվում են ռուսական «Յարս», «Բուլավա» և «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment