Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել

Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» ծրագրում։ 

Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Ղարաբաղցյան Շին» ՍՊԸ-ն  2023 թվականի հոկտեմբերից մեկնարկած աշխատանքները պետք է ավարտեր դեռևս 2025 թվականի սեպտեմբերին։ 

Լուսանկարը՝ դպրոցի շինհրապարակից։

«Փաստերի ստուգման հարթակի» թղթակիցը, սակայն, լինելով դպրոցի տարածքում, պարզել է, որ շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել՝ ընթացքի մեջ են։ 

Դպրոցի վերակառուցումն իրականացվում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում՝ կնքված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու ՀՀ կառավարության միջև

Ծրագրի շրջանակում իրականացվելու է նաև Աշտարակի թիվ 5, Արտաշատի և Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան N 13 ավագ դպրոցների, ինչպես նաև Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոցի կառուցման որակի տեխնիկական հսկողության ծառայությունները:

FIP.am-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից հայտնեցին, որ դպրոցի շինարարարական աշխատանքները շարունակվում են, դանդաղելու պատճառը պայմանավորված է տեխնիկական որոշակի խնդիրներով և եղանակային պայմաններով։ 

Ըստ այդմ, դպրոցի շինարարության ավարտը երկարաձգվել է, նոր ժամկետ է սահմանվել 2026 թվականի մայիսի 30-ը։ 

«Կրթական ծրագրերի կենտրոնից» հայտնեցին նաև, որ դպրոցի վերակառուցման ընդհանուր արժեքը 1,6 միլիարդ դրամ է՝ վարկ-պետական բյուջե համամասնությամբ, որից 80%-ը վարկային, իսկ 20%-ը պետական միջոցներ են։ 

Այսպիսով, թեև դպրոցը պետք է պատրաստ լիներ 2025 թվականի հոկտեմբերին, շինաշխատանքները տարբեր պատճառներով չեն ավարտվել. սահմանվել է դպրոցի շահագործման նոր ժամկետ։

Նանե Մանասյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

The post Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել appeared first on FIP.AM.

Leave a comment