ՏԿԵՆ-ում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ էներգետիկայի ոլորտի ծրագրերը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության (MEDEFI) պատվիրակությանը, որը ղեկավարում էր կառույցում Ֆրանսիա-Հայաստան գործարար խորհրդի նախագահ, Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ, ԻՎԵԿՈ ընկերության ղեկավար Գոթիե Ռիկորը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


 


Այցի նպատակն էր Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման տեսլականին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալը Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում։


 


Կազմակերպությունը ներառում է շուրջ 240 հազար ֆրանսիական ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում։


 


Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև սերտ համագործակցության և Հայաստանում իրականացվող ծրագրերին ֆրանսիական ընկերությունների ներգրավվածության կարևորությունը։


 


Նարեկ Ապիտոնյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը՝ անդրադառնալով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու ֆրանսիական Transenergie կազմակերպության համագործակցությամբ իրականացված Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագրին, որի արդյունքում Երևանյան լճի վրա կառուցվել է 151 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։


 


Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ջրային ռազմավարության առանցքային կետերը՝ ջրամբարաշինության և ջրային համակարգերի կառավարման առանձնահատկությունները։


 


Քրիստինե Ղալեչյանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, իրականացվող խոշոր նախագծերը, անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման գործընթացներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին և ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով նոր ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցումը միջազգային անվտանգային չափորոշիչներին համապատասխան:


 


Գործընկերներին է ներկայացվել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները: Հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները հետագայում առավել ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային ծրագրերում հայտարարվող մրցույթներին, կներգրավվեն նախագծերի մշակման և իրականացման գործընթացներում:


 


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Leave a comment