«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։
Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը:
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։
Բանն այն է, որ ռիլում Համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով քամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին. այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը: Այսպես է մեկնաբանվել փսխնախարարի տեսանյութը:
Հիշեցնենք, որ փոխնախարար Նանուշյանն այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից։ Ոչ էլ նախարարի տեղակալն է հրապարակավ պարզաբանում:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև Առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը՝ եթե այն ներկայացվի»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։
Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։
Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաեւ՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։
Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։
Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։
Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։
Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։
Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։
Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»»։