Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով

Քաղաքականություն

26.02.2026 | 23:14

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ և գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեն՝ Նորվեգիայի նախկին արտաքին գործերի նախարարը, հայտարարել է իր հրաժարականի մասին։ Սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ կազմակերպությունը սկսեց անկախ հետաքննություն նրա և Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունների վերաբերյալ, գրում է  The Insider-ը  ։

Բրենդեն, որը ֆորումի նախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին, իր որոշման մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք բացահայտում էին, որ նորվեգացին երեք գործնական ընթրիք է ունեցել Էփշտեյնի հետ և շփվել է էլեկտրոնային փոստով։

«Ուշադիր մտորումներից հետո ես որոշեցի հրաժարվել Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնից։ Այստեղ անցկացրած իմ ութուկես տարին անչափ արժեքավոր էր։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին և մասնակիցներին  անհավատալի համագործակցության համար, և, կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որ ֆորումը շարունակի իր կարևոր աշխատանքը առանց շեղումների», – ասել է  Բրենդեն։ Նա իր հայտարարության մեջ չի հիշատակել Էփշտեյնին։

Առանձին հայտարարության մեջ Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահներ Անդրե Հոֆմանը և Լարի Ֆինկը հայտարարել են Բրենդեի և Էփշտեյնի կապերի վերաբերյալ անկախ իրավաբանների կողմից ստուգման ավարտի մասին։ Ըստ այդմ՝ նախկինում բացահայտվածներից բացի որևէ այլ հանգամանք չի հայտնաբերվել։

Համանախագահները նաև հայտարարել  են , որ Ալոիս Ցվինգգին կծառայի որպես նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնակատար, իսկ ֆորումի հոգաբարձուների խորհուրդը կհսկի ղեկավարության փոխանցումը, ներառյալ մշտական ​​իրավահաջորդ գտնելու գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment