Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «անշնորհակալ» է։ «Վրացական երազանք»-ի՝ Ուկրաինայի և նրա ղեկավարության հասցեին հնչած հերթական քննադատությունը հնչել է փետրվարի 24-ին, երբ Վրաստանը Միացյալ ազգերի կազմակերպությունում Ուկրաինային աջակցող բանաձևին կողմ քվեարկեց։
Ժամանակին մերձավոր դաշնակիցներ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունները վերջին տարիներին լարվել են՝ հատկապես լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ «Վրացական երազանք»-ի առաջնորդները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պարբերաբար քննադատում են Ուկրաինային։
«Ընդհանուր առմամբ, Զելենսկին անշնորհակալ մարդ է։ Ես առաջինը չեմ, որ դա ասում եմ։ Ամերիկայի նախագահը նրան ասել է՝ մի փոքր երախտագիտություն դրսևորել։ Զելենսկին երախտագիտություն չի ցուցաբերում ոչ Ամերիկայի, ոչ էլ Վրաստանի նկատմամբ։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին […] Նրանք պետք է շնորհակալ լինեն, սակայն ընդհանուր առմամբ մեզ նրանց երախտագիտությունը պետք չէ։ Մենք այս ամենը անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, իսկ Զելենսկու վերաբերյալ վերջնական գնահատականը կտա հենց ուկրաինացի ժողովուրդը»,- նշել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի հայտարարությունները լայնորեն տարածվել են ռուսական լրատվամիջոցներում։
Փետրվարի 26-ին Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը արձագանքել է՝ նշելով, որ Պապուաշվիլիի «մեղադրանքը» կարդացել է «զարմանքով»։
Ստեֆանչուկը նախ վրացերեն գրել է. «Ասված խոսքը դաշույն չէ – չես կարող այն վերադարձնել վրացերեն», թույլ տալով ակնհայտ սխալ, քանի որ արտահայտությունն ավելի հաճախ ձևակերպվում է՝ «ասված խոսքը դաշույն չէ – չես կարող այն վերադարձնել պատյանի մեջ»։
Այնուհետև նա երախտագիտություն է հայտնել վրացի ժողովրդին՝ նրանց անվանելով «ժողովուրդ, որը հստակ գիտի, թե ինչ է արժանապատվությունը», և ընդգծել Ուկրաինայի աջակցության ցույցերը Վրաստանում, ինչպես նաև վրացի կամավորների ներկայությունը, որոնք կռվում են ուկրաինացիների կողքին։
«Այս համատեքստում ՄԱԿ-ի այն բանաձևին «կողմ» քվեարկելը, որը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն և նրա տարածքային ամբողջականությունը հարգելուն, բնավ բարեգործություն կամ հերոսություն չէ։ Դա 2026-ին պարկեշտության նվազագույն մակարդակն է»,- գրել է Ստեֆանչուկը։
«Ուկրաինային պետք չեն բարոյախոսական դասախոսություններ նրանցից, ովքեր գործում են «ռուսական աշխարհի» նարատիվների խոսափողի դերում։ Ուկրաինային անհրաժեշտ են իրական դաշնակիցներ՝ նրանք, ովքեր հասկանում են, որ ռուսիստական չարիքի դեմ պայքարում կարևոր չեն հաճոյախոսությունները, այլ հստակ դիրքորոշումն ու իրական աջակցությունը»։
The post Վրաստանի խորհրդարանի նախագահը Զելենսկիին անվանել է «անշնորհակալ» appeared first on CIVILNET.