Լեհաստանը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում․ Տուսկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։ Այս մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։

Փաշինյանը Լեհաստանում է պաշտոնական այցով։

Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։ Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը՝ հատկապես տնտեսության, ենթակառուցվածքների, անվտանգության, կրթության, գիտության և այլ ոլորտներում։ Դոնալդ Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի Կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով Լեհաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական համագործակցության խթանումը։ Վարչապետը նաև ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման գործընթացում։

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, TRIPP նախաձեռնության իրականացման ընթացքին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։

The post Լեհաստանը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում․ Տուսկ appeared first on CIVILNET.

Leave a comment