Ջրանջատումներ կլինեն, բայց չեն լինի այն ռեժիմներով, որ հայտարարեց «Վեոլիա»-ն․ Ջրային կոմիտեի նախագահ

Պայմանավորված ջրային ռեսուրսների սահմանափակ քանակով ջրանջատումներ կլինեն, բայց չեն լինի այն ռեժիմներով, որ հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերությունը, այլ կլինեն ավելի բարելավված ռեժիմներով։ Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

«Այն հասցեներում, որ գրված է եղել 17 ժամերը կպակասեն, փորձենք հասցնել մաքսիմում 4 ժամի»,- ասաց Ղալամքարյանը։

Փետրվարի 25-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրել էին, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ): Հանրային բուռն արձագանքից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։

«Նույն ժամանակացույցը, երեք փողոցների տարբերությամբ, հրապարակվել էր նաև անցյալ տարվա նոյեմբերին, բայց այսպիսի աղմուկ ու աժիոտաժ չի եղել։ Բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները բոլորի կողմից օգտագործվում են։ Մի բան հստակ է, Վեոլիան ունեցել է պարտավորություն՝ հրապարակել ժամանակացույց»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը։

Ղալամքարյանը լրագրողներին հայտնեց, որ ջրանջատումների փոփոխության մասին հայտարարություն տարածելուց առաջ «Վեոլիա Ջուր»-ը Ջրային կոմիտեի հետ որոշումը չի համաձայնեցրել։  

«Մեր խնդիրը Վեոլիայի հետ այն է, որ կարելի է այդ ժամանակացույցը լավարկել։ Կարելի է ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այսինքն ժամերի ու ռեժիմների փոփոխություն լինի։ Տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Երկու շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք աշխատելու ենք «Վեոլիա Ջրի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և արդյունքների մասին կհայտնենք»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը։

Ղալամքայրանի խոսքով՝ Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում։

«Բնականաբար, շոգ եղանակ է, մարդիկ սկսում են ավելի շատ ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա նաև մի երևույթ է, որը սրվել է նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք Երևանում վերջին 5-6 տարիների կտրվածքով ունենք 24 տոկոս ջրի նվազում հենց ջրաղբյուրներում։ Միևնույն ժամանակ, Երևանում տնտեսությունն աճում է, ունենք կառուցապատման ահռելի տեմպ, նոր բաժանորդների շատ մեծ քանակ»,- պարզաբանեց Ղալամքարյանը։  

The post Ջրանջատումներ կլինեն, բայց չեն լինի այն ռեժիմներով, որ հայտարարեց «Վեոլիա»-ն․ Ջրային կոմիտեի նախագահ appeared first on CIVILNET.

Leave a comment