ՄԻՊ գրասենյակում տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողներին հետ զրույցում AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը մանրամասնել է, որ ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ գրավոր և բանավոր ընթացակարգերով համապատասխան կառույցների հետ Նարեկ Սամսոնյանի գործի առնչությամբ կապի մեջ են։
Նա նշել է, որ հանդիպումը ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ չի կայացել, քանի որ վերջինս եղել է խորհրդակցության։
«Ասացին, որ ունեն ՄԻՊ-ի կողմից կիրառվող որոշակի գործիքակազմեր, որոնց կիրառման շրջանակում այս պահի դրությամբ ՄԻՊ-ը նպատակահարմար չի համարել հանդես գալ հրապարակային հայտարարությամբ կամ իրականացնել այց»,– ասել է Մաթևոսյանը։
Նա ընդգծել է, որ իրենք փոխանցել են՝ հանրային ընկալումներում նման դիրքորոշումը դիտարկվում է որպես հանցակցություն, որի հետ, ՄԻՊ-ի աշխատակիցը, բնականաբար, համաձայն չի եղել։
Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ իր անունից դիմում կներկայացնի՝ պարզելու, թե ինչ տեղեկատվության են տիրապետում և ինչ տեղեկություններ են փոխանցում միջազգային գործընկերներին Նարեկ Սամսոնյանի գործի առնչությամբ։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև հրապարակայնության խնդիրը, հայցադիմումի հանգամանքների հետ կապված հարցերը, ինչպես նաև պատժախցի պայմանների հարցը, որոնք անհամատեղելի են հացադուլ իրականացնող անձի վիճակի հետ և հանդիսանում են նրա օրենսդրական իրավունքների խախտում։